շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Հայաստանին ձեռնտու է բաց ցուցակներով համամասնական ընտրակարգը. Գորգիսյան

Հայաստանին ձեռնտու է բաց ցուցակներով համամասնական ընտրակարգը. Գորգիսյան

ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը շարունակում է պնդել, որ Հայաստանին ձեռնտու է բաց ցուցակներով համամասնական ընտրակարգը, դեմ է հիմա՝ մինչև ընտրությունները ռեյտինգային ընտրակարգը հանելուն և փակ ցուցակներով ընտրությունների գնալուն: Այս մասին ասաց ԼՀԿ-ից Գևորգ Գորգիսյանը ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանը:

Գորգիսյանը ներկայացրեց ընտրակարգի այն տարբերակը, որը «Լուսավոր Հայաստանը» իր վստահեցմամբ, քաղաքական դաշտին է առաջարկում: Դա բաց համամասնական ընտրակարագն է:

Նա ընդունեց. «Այո, ռեյտինգային, տարածքային բաժանումները հնարավորություն են տալիս ռեսուրսներ ունեցողներին օգտագործել իրենց ռեսուրսը, ազդեցությունը, որ դա, ի վերջո, վերածեն ձայնի: Բայց պատգամավորների, իրենց ներկայացուցիչներին ԱԺ-ում ընտրելու հնարավորությունից քաղաքացիներին զրկելը հղի է մեկ այլ վատ հետևանքով: Մենք ունենալու ենք ուղղակի կոճակ սեղմողների ԱԺ»:

ԼՀԿ-ն առաջարկում է բաց համամասնական ցուցակ: Ընդ որում, պատգամավորի խոսքով, իրենք քննարկումների արդյունքում որոշակի զիջումների են գնացել իրենց առաջարկած նախնական տարբերակից: «Լուսավոր Հայաստանը» շարունակում է պնդել, որ բաց համամասնական ընտրակարգն է ձեռնտու Հայաստանի Հանրապետությանը, այն նպաստում է ժողովրդավարությանը, քաղաքացիների կողմից քաղաքական էլիտաների ձևավորմանը և կուսակցությունների կայացմանը: Հակառակ դեպքում մենք ունենալու ենք կուսակցական լճացած համակարգ, ինչը հանգեցնելու է քաղաքական համակարգի դեգրադացիայի»,-ասաց Գորգիսյանը:

  • Կիսվել: