Հայաստանի ժողովրդական կուսակցությունը հերքում է ԴՕԿ կուսակցության հետ համագործակցության մասին լուրերը
Հայաստանի ժողովրդական կուսակցությունը հերքում է ԴՕԿ կուսակցության հետ համագործակցության մասին լուրերը։
ՀԺԿ հայտարարության մեջ, մասնավորապես ասվում է. «Երեկ ԴՕԿ կուսակցության անունից, Լևոն Բաղդասարյանը հայաստանյան լրատվադաշտում ստահոդ տեղեկություն էր տարածել իբրև թե ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի և վերոնշյալ կուսակցության միջև ձեռք բերված համագործակցության համաձայնության մասին, ինչը անմիջապես հերքվել էր պրն․ Դեմիրճյանի կողմից։
Թվում էր այսքանով լուծվում է թյուրիմածությունը, սակայն զարմանալիորեն այսօր նույն անձը վերստին ոչ պատշաճ ձևով, կրկնել է երեկվա հրապարակած սուտը ՀԺԿ և ԴՕԿ համագործակցության մասին, այս անգամ հավելելով իբր իրեն հայտնի են համագործակցության փաստեր, որոնք կարող է հանրայնացնել, ինչը ակնհայտ է, անթաքույց շանտաժի փորձ է:
ՀԺԿ-ի հետ վերջնագրերի լեզվով խոսելը մեղմ ասած անհեռանկար է և ոչ պարկեշտ:
Ի գիտություն հանրության, ևս մեկ անգամ պաշտոնապես հայտարարում ենք՝ Հայաստանի ժողովրդական կուսակցությունը և նրա նախագահ Ստեփան Դեմիրճյանը ԴՕԿ կուսակցության հետ երբևէ հանդիպում կամ քննարկում չեն ունեցել»։


