հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Հայաստանի վաղը որոշվում է այսօր․ Արթուր Վանեցյանը հայտարարություն է տարածել

Հայաստանի վաղը որոշվում է այսօր․ Արթուր Վանեցյանը հայտարարություն է տարածել

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

 

«Իմ խորին համոզմամբ բոլոր այն անհատները եւ քաղաքական միավորները, որոնք պատրաստվում են առաջիկայում էական քաղաքական դերակատարման հայտ ներկայացնել, պարտավոր են հանրությանը հստակ ներկայացնել առնվազն հետեւյալ երեք հարցադրումների շուրջ իրենց պատկերացումները.

ա) տեղի ունեցած աղետի ծավալները,
բ) առաջիկա ռիսկերի եւ վտանգների էությունն ու հնարավոր հետեւանքները,
գ) ինչպես խուսափել առկա մարտահրավերներից, կայունացնել վիճակը ու սկսել երկրի վերականգնումը։

Հիմա, առավել քան երբեւէ, հասարակության առաջ պետք է լինել բաց եւ հենց այդպես հասարակությանը մասնակից դարձնել բարդ եւ վճռորոշ քննարկումներին։ Ուստի, ինքս առայժմ հակիրճ կանդրադառնամ վերոնշյալ հարցերին:

Հայաստանի վաղը որոշվում է այսօր

Անկախություն ձեռք բերելուց երեսուն տարի անց մենք ստիպված ենք ամեն ինչ սկսել գրեթե զրոյից՝ կառուցել անվտանգային նոր համակարգ, արդյունավետ համագործակցության բանաձեւեր գտնել մեր հիմնական եւ բնական դաշնակից ՌԴ-ի հետ, վստահելի եւ գործընկերային հարաբերություններ ստեղծել հարեւանների ու արտաքին աշխարհի հետ, Արցախի հարցում հայանպաստ լուծման նոր ուղիներ գտնել եւ այլն: Միայն այսքանը բավարար է՝ գիտակցելու համար ազգային ճգնաժամի խորությունը։

Ահռելի կորուստները զգալի ռիսկեր են պարունակում՝ տնտեսության անկում, ֆինանսական շուկայի անկայունություն, սոցիալական լարվածության աճ եւ բազում այլ խնդիրներ։ Սա մեր իրականությունն է՝ նկարագրված հնարավորինս մեղմ։ Մի իրականություն, որի ամենավտանգավոր սպառնալիքը, ըստ իս, պարտվածի հոգեբանության ծուղակն է, որի մեջ կարող ենք հայտնվել ազգովի։ Չլուծենք այս խնդիրը՝ չենք կարողանալու լուծել որեւէ այլ կարեւոր կենսական խնդիր։

Պատմության ընթացքում բոլոր պետություններն ունեցել են թե´ տապալումներ, թե´ պարտություններ: Շատերը կանգնած են եղել ընդհանրապես լինել-չլինելու խնդրի առջեւ։ Եվ բոլոր այն պետությունները, այն ժողովուրդները, որոնք իրենց մեջ ուժ են գտել «հաղթելու» սեփական պարտությունը, որոնք արել են անհրաժեշտ հետեւություններ, անպայման գտել են վերելքի ուղիները եւ այդկերպ հաջողել։

Հետպատերազմյան հանրային դիսկուրսում առկա էր ժամանակակից Հայաստանում հնչած կարեւոր գաղափարներից մեկը՝ «հայ զինվորը չի պարտվել, հայ սպան չի պարտվել, հայ ժողովուրդը չի պարտվել»։ Եվ դա իսկապես այդպես է։ Արդյոք հնարավո՞ր չէ այս մոտեցումը դարձնել ընդհանրական, բոլորիս միավորող՝ անկախ քաղաքական եւ այլ հայացքներից։ Ինչո՞ւ մենք սա չենք անում։ Այն հերոսությունները, որ ցուցաբերել են հայկական զինված ուժերը, մեր տղերքը, աննկարագրելի են, եւ հակառակորդը դա շատ լավ գիտի՝ մեզնից էլ լավ։ Թշնամին ունեցել է հսկայական տեխնոլոգիական եւ քանակական առավելություն, թշնամին մեզ վրա հարձակվել է միջազգային տեռորիստական խմբավորումների եւ թուրքական զինված ուժերի հետ համատեղ եւ սրանով մեկտեղ կրել է զգալի մարդկային ու նյութական կորուստներ։ Բոլոր այն մարտերում, որտեղ թշնամին չի կարողացել կիրառել բարձր տեխնոլոգիական իր առավելությունը, պարտություն է կրել։

Աններելի են իշխանության ներկայացուցիչների հրապարակային հայտարարությունները՝ մեր անզորության եւ պարտության դատապարտված լինելու մասին։ Ո՞ւմ օգտին են նրանք խաղում։ Դրա փոխարեն անհրաժեշտ է բարձրացնել Ադրբեջանի կողմից հազարավոր ահաբեկիչների ներգրավման հարցը։ Ադրբեջանն ամեն օր մեզ սպառնում է ե՛ւ միջազգային արբիտրաժներով, ե՛ւ դատերով, ու եթե այդ սպառնալիքներին չլինի համարժեք հակադարձում, ապա վաղը Հայաստանը կհայտնվի էլ ավելի բարդ իրավիճակում։ Մենք, ունենալով Մինսկի խմբի համանախագահների եւ մի շարք այլ երկրների հրապարակային փաստումը, որ մեր դեմ կռվելու նպատակով Ադրբեջանը հազարավոր վարձկան ահաբեկիչներ է բերել տարածաշրջան, չենք կարողանում դրան տալ քաղաքական եւ իրավական զարգացում։ Աշխատո՞ւմ ենք Սիրիայի իշխանությունների, արաբական աշխարհի, մեզ բարեկամ այլ երկրների հետ: Աշխատո՞ւմ ենք միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների, հակաահաբեկչական կենտրոնների, սփյուռքի լոբբիստական կառույցների հետ: Նման հստակ խնդիր ձեւակերպե՞լ ենք, դիվանագիտական խողովակներով աշխատո՞ւմ ենք։ Անվերջ կարելի է թվարկել աշխատանքի ճակատները։ Սա Ադրբեջանի վրա ճնշման՝ այս պահին մեր եզակի ուժեղ հաղթաթղթերից մեկն է։ 

Աշխարհին ուղղված մեր ուղերձները

Հետպատերազմյան Հայաստանից եւ Արցախից պետք է ուղերձներ հղվեն հայությանը եւ ողջ աշխարհին։ Այդ գործն անթույլատրելիորեն ուշանում է։ Հայաստանն իր քայլերով պարտավոր է աշխարհին հստակ ցույց տալ, որ. 
ա) Մենք չենք ընկալում մեզ պարտված։
բ) Մենք կենսունակ պետություն ենք եւ վստահ վերականգնվելու ենք՝ որպես տարածաշրջանի լիարժեք դերակատար։
գ) Ունենք համահայկականության նոր գաղափարներ եւ հեռուն գնացող ազգային նպատակներ։ 

Արցախից նույնպես պետք է հնչեն ուղերձներ՝ Հայաստանին, սփյուռքին եւ միջազգային հանրությանը, որքան էլ այն այսօր անհաղորդ թվա։ Պետք է հնչեն Արցախի կենսունակության վերաբերյալ հստակ ձեւակերպումներ եւ միջազգային քաղաքականության ակտիվ մասնակից լինելու համոզմունք պարունակող կոչեր: Սա պետք  է դառնա հայկական երկրորդ պետության օրակարգը, որպեսզի հնարավոր լինի աշխատել եւ այդ խնդիրներին տալ գործնական լուծումներ։ Իսկ այն, որ դա պետք է արվի, կասկածից վեր է։

Հայաստանում եւ Արցախում պետք է լինի խաղաղության եւ վերելքի հստակ որոշում, որի առանցքում մեր մարտունակության եւ անվտանգային համակարգի էական ուժեղացումն է։

Հայի արժանապատվության եւ ինքնավստահության վերականգնումը պետք է սկսվի այդ որոշումից։ Պետության մեջ որակական փոփոխությունները եւ իրավիճակը փոխելու վճռականությունը միայն կարող է դառնալ ազդակ աշխարհասփյուռ հայությանը՝ մեջքն ուղղելու, միավորվելու, նոր նպատակներ ձեւակերպելու եւ ավելի վճռականորեն, միասնական աշխատելու ազդակ։ Իսկ այդ փոփոխությունների սկզբնակետը, անկասկած, Նիկոլ Փաշինյանի եւ այս ապաշնորհ իշխանությունների հեռացումն է»:

  • Կիսվել: