կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Հայաստանի իշխանությունների մասնակցությամբ Ղարաբաղի վզին սցենար է փաթաթվում․ Քոչարյան

Հայաստանի իշխանությունների մասնակցությամբ Ղարաբաղի վզին սցենար է փաթաթվում․ Քոչարյան

Արցախյան իշխանության կողմից հռչակված գալիք նախագահական ընտրություններին իրավահաջորդ չունենալու փաստը բերեց քաղաքական դաշտի ծայրահեղ հատվածականացման, ղարաբաղյան էլիտայի տարբեր հատվածները ներկայացնող նախագահի թեկնածուների այսպիսի քանակ երբեք չի եղել: Նման կարծիք, պատասխանելով «Հրապարակ» օրաթերթի գրավոր հարցերին, հայտնեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը գտնվում է կալանքի տակ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով մարտի 1 գործի շրջանակներում։

«Սա ոչ թե ժողովրդավարության նշան է, այլ՝ մասնատվածության դրսևորում, ինչը մարտահրավեր է Ղարաբաղի անվտանգությանը: Ժողովրդավարության սահմանագիծն Արցախում պետք է պայմանավորված լինի անվտանգությամբ, ոչ թե հակառակը»,- նշել է նա՝ հավելելով, որ ընտրություններին արտաքին ուժերի կողմից ֆինանսավորվող ոչ կառավարական կազմակերպությունների միակցումը հարցեր է առաջացնում: «Այդպիսի կազմակերպություններ և պացիֆիստական կրոնական աղանդներ Արցախում չպետք է լինեն ընդհանրապես»,- ընդծել է երկրորդ նախագահը: Ըստ նրա տեղի ունեցողն ավելի վտանգավոր է, քան շփման գծում գրանցվող ռազմական միջադեպերը, քանի որ դրանով ոչնչացվում են հենց այն արժեքները, որոնց շնորհիվ մենք հաղթել ենք: «Կցանկանայի սխալվել, բայց իմ աչքերում սա Ղարաբաղի վզին փաթաթված սցենար է երևում, և թվում է, որ այն իրականացվում է Հայաստանի իշխանությունների մասնակցությամբ»,- հավաստիացրել է Քոչարանը:

Ըստ նրա անընդունելի է Ղարաբաղում ունենալ քծնող նախագահ, ով հնազանդորեն տուրք է տալիս որևէ մեկին, ներառյալ Հայաստանի վարչապետի քմահաճույքներին: «Այդ որակները հատուկ են տկար և թույլ անձերին, իսկ այդպիսի «առաջնորդությունը» կարող է աղետալի հետևանքներ ունենալ Արցախի համար: Այնտեղ պետք են պատերազմով կոփված խիզախ առաջնորդներ: Հուսամ՝ ղարաբաղցիների ընտրությունը հենց այդպիսին կլինի»,- եզրափակեց նա։

  • Կիսվել: