հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հայաստանի ինքնիշխանության համար վտանգավոր որևէ բան պետք է տեղի չունենա․ Անդրանիկ Քոչարյանը՝ Փառուխի մասին Լավրովի հայտարարության վերաբերյալ

Հայաստանի ինքնիշխանության համար վտանգավոր որևէ բան պետք է տեղի չունենա․ Անդրանիկ Քոչարյանը՝ Փառուխի մասին Լավրովի հայտարարության վերաբերյալ

Այսօր առավոտյան տեսա, որ Լավրովի այդ հայտարարությունից հետո շտկումներ է արվել ՌԴ արտգործնախարարության կողմից։ Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, քանի չեմ ճշտել շտկումները և ոչ շտկումները։ Հիմա լեզվական սխալ է, տրամաբանական ձևակերպումներ են, պետք է հասկանանք։ Այս մասին ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Փառուխի մասին ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հայտարարությանը։

Հարցին, թե Լավրովը կարո՞ղ է սխալվել, Անդրանիկ Քոչարյանն ասաց․ «Ինչո՞ւ չէ, զարմանում եք, թե չէ սխալներ քի՞չ են եղել։ Նաև նման մակարդակի սխալներ են եղել։ Եղել է ձևակերպում, այդ ձևակերպումը որոշակի բացատրությունների խնդիր ունի, և այսօր կամ ամենաուշը վաղվա ընթացքում դրա բոլոր պատասխանները տարբեր խողովակներով կհնչեցվեն, ի՞նչ խնդիր կա»,- ասաց նա։

Անդրադառնալով Լավրովի՝ ճանապարհների ապաշրջափակման մասին հայտարարությանը՝ Անդրանիկ Քոչարյանն ասաց․ «Դա նշանակում է, որ Հայաստանի ինքնիշխանության համար վտանգավոր որևէ բան պետք է տեղի չունենա։ Ճանապարհային կոմունիկացիաները պետք է գործեն, մենք էլ պետք է ճանապարհային կոմունիկացիաներին դեմ չլինենք։ Իսկ ինքնիշխան տարածքին վերաբերող կառավարումը մեկ այլ կառուցվածքային մոտեցմամբ, ինչպիսին Լաչինի միջանցքն է, այս պահի դրությամբ քննարկման ենթակա չէ։ Ինչո՞ւ եք ուզում, որ այդ թեման անպայման քննարկվի։ Լավրովը չի ասել, չէ՞, որ հիմա պետք է միջանցքի խնդիր լուծվի։ Այո, ասաց՝ պարզեցված ճանապարհ, դուք դրա տակ ի՞նչ եք հասկանում, դա նշանակում է պարզեցված ճանապարհ, որ մտնում ես, գնում, դուրս ես գալիս»։

Հարցին, թե ռուս սահմանապահնե՞րն են կանգնելու այդ ճանապարհին, Քոչարյանը պատասխանեց․ «Ռուս սահմանապահները հիմա էլ են կանգնած, մեր ԱԱԾ-ն էլ է կանգնած՝ տարբեր համաձայնությունների ու պարտականությունների կատարման տիրույթում։ Գոյություն չունեցող խնդիրը մի դարձրեք ցանկալի ու օգտագործելի հակառակ կողմի համար»։

  • Կիսվել: