ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայաստանի հետ 2023-26 թթ. գործողությունների ծրագրի նախապատրաստումը մոտենում է ավարտին. ԵԽ գլխավոր քարտուղար

Հայաստանի հետ 2023-26 թթ. գործողությունների ծրագրի նախապատրաստումը մոտենում է ավարտին. ԵԽ գլխավոր քարտուղար

Եվրախորհրդին անդամակցության 21 տարվա ընթացքում Հայաստանը համագործակցությանը հանձնառության բարձր մակարդակ է ցուցաբերել, 66 կոնվենցիայի եւ 12 պայմանագրի կողմ է դարձել։ Այս մասին Երեւանում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո հայտարարել է ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը:

Նրա խոսքով՝ Հայաստանն ակտիվորեն մասնակցել է իրավական եւ քաղաքական օրակարգի ձեւավորմանը, իսկ Եվրախորհուրդը նպաստել է բարեփոխումների առաջխաղացմանը։ Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը հույս է հայտնել, որ ընթացիկ այցն էլ ավելի կամրապնդի երկխոսությունն ու համագործակցությունը, մասնավորապես՝ գործողությունների ներկա եւ ապագա ծրագրի լույսի ներքո։

Նա ողջունել է 2019-22 թթ. գործողությունների ծրագիրը իրականացնելու իշխանությունների՝ պատրաստակամությունը եւ նշել, որ 2023-26 թթ. Գործողությունների ծրագրի նախապատրաստումը մոտենում է ավարտին։ Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը կոչ է արել ՀՀ իշխանություններին շարունակել օգտվել եվրոպական կողմի փորձից ու աջակցությունից ընտրական բարեփոխումները, ԶԼՄ-ների մասին օրենքը, Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններին համապատասխան, սահմանադրական բարեփոխումները վերջնական տեսքի բերելու իմաստով, իրականացնել ԵԽԽՎ, ինչպես նաեւ մոնիտորինգային մարմինների առաջարկները։

«Մեր գործընկերները Ստրասբուրգում եւ երեւանյան գրասենյակում պատրաստ են շարունակել իրենց աջակցությունը բարեփոխումների ուղղությամբ իրականացվող ջանքերին»,- եզրափակել է ԵԽ գլխավոր քարտուղարը։

  • Կիսվել: