ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է և շահագրգռված է տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի բացմամբ․ Փաշինյան

Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է և շահագրգռված է տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի բացմամբ․ Փաշինյան

Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է և շահագրգռված է տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի բացմամբ։ Այս մասին ԱԺ-ում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի հարցին՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ կոմունիկացիաների ապաշրջափակման վերաբերյալ։

Մկրտչյանը վարչապետին հարցրեց, թե արդյոք նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը միջանցքի բաղադրիչներ չի պարունակում:

«Մեր բոլոր մեկնաբանությունները մանրամասն ձևակերպված է Արտաքին գործերի նախարարության դեկտեմբերի 7-ի մեկնաբանության մեջ։ Հիմա հարցի էությունը որն է, ուզում եք ստանաք պատասխան՝ մենք միջանցքի վերաբերյալ ունե՞նք պայմանավորվածություն, թե՞ դուք ուզում եք միջանցքի վերաբերյալ պայմանավորվածություն ունենանք։ Ես ձեր ասած մեկնաբանությունների հետ համաձայն չեմ»,-ասաց Փաշինյանը։

Վարչապետը նաև անդրադարձավ պատգամավորի այն դիտարկմանը, թե Հայաստանի Հանրապետության հաշվին ճանապարհ է տրվում։

Փաշինյանը կրկին պնդեց՝  Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է և շահագրգռված է տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի բացմամբ այն ընկալմամբ, որ, Ադրբեջանը պետք է երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցություն ստանա Նախիջևանի հետ Հայաստանի Հանրապետության տարածքով, Հայաստանի Հանրապետությունն էլ Ադրբեջանի տարածքով էլ երկաթուղային կապ ստանա  դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն և Ռուսաստանի Դաշնություն, ինչպես նաև ավտոմոբիլային հաղորդակցություն Ադրբեջանի տարածքով դեպի Ռուսաստանի Դաշնություն։

«Կարծում ենք՝ պետք է գնանք այս տրամաբանության լուծումների և կարծում ենք, որ այն ինչ-որ մենք առաջարկում ենք և այն ինչ արձանագրել ենք երեկ արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ լիարժեք համապատասխանում է մեր երկրի շահերին։ Նախկինում ասել եմ, որ չեմ հասկանում այն հռետորաբանությունը, որ մեր բոլոր ճանապարհները պետք է փակ լինեն, որպեսզի ոչ մեկ մեր ճանապարհով չանցնի, որովհետև, ընդհակառակը, այդ տրամաբանությունը միշտ առաջ են քաշել նրանք, ովքեր ցանկացել են, որ Հայաստանով տրանզիտ չլինի, Հայաստանի տրանսպորտային ուղիները փակ լինեն և այդպես շարունակ»,- եզրափակեց Փաշինյանը։

  • Կիսվել: