ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայաստանի համար կարմիր գիծ է էքստերիտորիալ, իր օրենսդրությունից դուրս որևէ ճանապարհի տրամադրումը․ ՔՊ-ական պատգամավոր

Հայաստանի համար կարմիր գիծ է էքստերիտորիալ, իր օրենսդրությունից դուրս որևէ ճանապարհի տրամադրումը․ ՔՊ-ական պատգամավոր

Այո՛, Ադրբեջանի նախագահի կողմից Զանգեզուրի միջանցքի մասին արտահայտություն հնչեց, բայց ՀՀ վարչապետի կողմից էլ հնչեց այդ արտահայտության պատասխանը, որն այն մասին էր, որ առհասարակ մենք առաջին անգամ ենք լսում, որ Ռուսաստանն աջակցում է Ալիևի կողմից հնչեցվող այդ նարատիվներին։ Այս մասին այսօր ԱԺ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։

«Խոսքը, բնականաբար, միջանցքային տրամաբանության, ճանապարհի մասին է, և բանակցային գործընթացի հետագա փուլերում, քանի որ հետո Ալիևն իր խոսքում նշեց, որ նա նկատի չունի էքստերիտորիալ ինչ-որ տարածք, սուվերենության մասին խոսք անգամ չի գնում, մենք այդ տերմինաբանության առումով ևս կմոտարկենք մեր մոտեցումները», - ասաց պատգամավորը։

Հարցին, արդյոք կարող է հայկական կողմը որոշակի զիջումների գնալ միջանցքի հարցում, Հովհաննիսյանը պատասխանեց, որ նման հարցը տեղին չեմ համարում, քանի որ իրենք բազմիցս նշել են, որ դա իրենց համար կարմիր գիծ է, և երեկվա հանդիպման ընթացքում դա վերահաստատվել է ևս մեկ անգամ։

Դիտարկմանը, թե արդյոք հայկական կողմը հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հարցում որոշակի կետերին չի համաձայնում, ինչն էլ խնդիրներ է առաջացնում և կարո՞ղ է հայկական կողմի պահանջների մեջ լինել հայելային Լաչինի միջանցքի ապաշրջափակումն այդ հարցի հետ կապելը, իշխանական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը պատասխանեց․

«Ճիշտ չի լինի Լաչինի միջանցքի շրջափակման հարցը փոխկապակցել կոմունիկացիոն դեբլոկադայի խնդրի հետ, որովհետև Լաչինի միջանցի կարգավիճակը կարգավորվում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնությամբ, և բոլոր կողմերն, ըստ էության, վերահաստատում են, Միջազգային դատարանը ևս իր համապատասխան իրավական ակտում անդրադարձել է կարգավիճակին ու մոտեցումներին։ Ինչ վերաբերում է կոմունիկացիոն ապաշրջափակմանը, կարծես, այս հարցի վերաբերյալ կողմերը միշտ արտահայտել են դրական դիրքորոշում՝ ասելով, որ կողմ են»։

Ճշտող հարցին, թե այդ դեպքում ինչը չի ստացվում, Վարդանյանն ընդգծեց, որ երբ խոսք է գնում ընդհանուր գաղափարների շուրջ, բոլորը համաձայնության են գալիս, բայց մանրամասների քննարկման հարցերում կարող են ի հայտ գալ բազում տեխնիկական բնույթի խնդիրներ, որոնք առանձին լուծման կարիք են ունենալու։

«Բանակցային գործընթացի առանձնահատկությունն այնպիսին է, որ քանի դեռ չկա վերջնական պրոդուկտ, բանակցությունների արդյունք, շատ դժվար է խոսել ինչ-որ մանրամասների մասին։ Կա հստակ երկու մոտեցում, կա ընդհանուր դրական դիրքորոշում ախապրջափակման գաղափարի շուրջ և կա որպես փաստ այն, որ կան որոշակի մանրամասներ, որոնք հստակեցման կարիք ունեն», - հավելեց նա։

Լրագրողի այն հարցին, թե արդյոք կարելի է նախօրեին կայացած եռակողմ հանդիպումը տապալված համարել, Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց, որ չեն կարող այդպես համարել, ապա անդրադառնալով այն դիտարկմանը, որ հանդիպումը կարճ է տևել, հավելեց․

«Եռակողմ հանդիպման մանրամասների վերաբերյալ կլինի համապատասխան հայտարարություն և դրան կլինի առանձին անդրադարձ։ Եռակողմ հանդիպումից առաջ այլ երկկողմ հանդիպումներ են եղել, այլ ֆորմատով աշխատանքներ են տեղի ունեցել, ուստի հնարավոր համարում եմ, որ վերջնական հանդիպումը կարճ է տևել»։

Կրկին վերադառնալով Իլհամ Ալևի կողմից օգտագործված Զանգեզուրի միջանցք արտահայտությանը՝ Հովհաննիսյանն ընդգծեց, որ չնայած Ալիևը նշել է, որ դա միջազգային տերմին է, ՀՀ վարչապետը հղում է արել նոյեմբերի 9-ի հայտարարությանը, որտեղ միջանց բառն օգտագործվում և այն վերաբերում է միայն Լաչինի միջանցքին, ուստի այլ միջանցքի մասին խոսք լինել չի կարող։

«Հետևաբաև պետք է կրկնեմ, որ Հայաստանի համար կարմիր գիծ է էստերիտորիալ որևէ ճանապարհի տրամադրումը, իր օրենսդրությունից դուրս որևէ ճանապարհի տրամադրումը։ Այդ փաստն արձանագրվեց երեկվա հրապարակային մասով։ Նաև Ալիևն իր խոսքում նշեց, որ որևէ տարածքային պահանջ չունի Հայաստանի նկատմամբ և նկատի չունի սուվերենությունից դուրս գտնվող ճանապարհը։ Այս տրամաբանության մեջ մենք պետք է շարժվենք առաջ՝ մոտարկելով մոտեցումներն ու հնարավորինս հստակ տերմիններով խոսելով, որպեսզի այսպիսի հարցադրումներ մեր ներսում չառաջանան»- եզրափակեց նա։

  • Կիսվել: