չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Հայաստանի համար Իրանը եղել և մնում է առանձնահատուկ գործընկեր. ՀՀ ԱԺ նախագահն՝ Իրանի դեսպանի հետ հանդիպմանը

Հայաստանի համար Իրանը եղել և մնում է առանձնահատուկ գործընկեր. ՀՀ ԱԺ նախագահն՝ Իրանի դեսպանի հետ հանդիպմանը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 26-ին ընդունել է Հայաստանում առաքելությունն ավարտող Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին:

Ալեն  Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում հայ-իրանական հարաբերությունների ամրապնդման ու համագործակցության արդյունավետության բարձրացման ուղղությամբ ներդրած ջանքերի համար եւ մաղթել հաջողություններ հետագա աշխատանքային գործունեության մեջ:

Ալեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանի համար Իրանը եղել եւ մնում է առանձնահատուկ գործընկեր, որն իր հավասարակշռված քաղաքականությամբ նպաստում է տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ու կայունության ամրապնդմանը:

Ի պատասխան՝ դեսպանը նշել է, որ Իրանն առանձնակի արժեւորում է մեր  երկրի հետ հարաբերությունների կարեւորությունը, որոնք պայմանավորված են պատմամշակութային առնչություններով, փոխադարձ տնտեսական շահերով, ինչպես նաեւ տարածաշրջանային մի շարք խնդիրների նկատմամբ ընդհանուր մոտեցումներով:
 
Հանդիպմանը բարձր է գնահատվել երկու խորհրդարանների միջեւ հաստատված բարեկամական սերտ կապերը եւ  խորհրդարանների միջեւ փոխգործակցության խորացմանն ուղղված նախաձեռնությունները: Դեսպանը կարեւորել է միջխորհրդարանական հանձնաժողովների անխափան աշխատանքը եւ բարեկամական խմբերի արդյունավետ համագործակցությունը:

«Մեկ տարի առաջ իմ գլխավորած պատվիրակությունը պաշտոնական արդյունավետ այց կատարեց Թեհրան: Սպասում ենք իմ հարգարժան գործընկեր Մոհամմեդ Բաղեր Ղալիբաֆի պատասխան այցին Հայաստան»,- նշել է ՀՀ ԱԺ նախագահը:

Հանդիպման ավարտին Ալեն Սիմոնյանը եւս մեկ անգամ ընդգծել է դեսպանի զգալի ներդրումը Հայաստանի եւ Իրանի միջեւ ձեւավորված հարուստ օրակարգի շրջանակում:

  • Կիսվել: