շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հայաստանի ղեկավարության խղճին ենք թողնում ԼՂ-ի ճակատագրի համար պատասխանատվությունը երրորդ երկրների վրա բարդելու փորձերը. Զախարովա

Հայաստանի ղեկավարության խղճին ենք թողնում ԼՂ-ի ճակատագրի համար պատասխանատվությունը երրորդ երկրների վրա բարդելու փորձերը. Զախարովա

Հայաստանը փորձում է Լեռնային Ղարաբաղի ճակատագրի պատասխանատվությունը բարդել երրորդ երկրների վրա։ Այս մասին այսօր ճեպազրույցում հայտարարել է  Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը, թե Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է։

Ըստ Զախարովայի՝ Ռուսաստանի բոլոր պարտավորություններն ամրագրված են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ: "Պարզապես պետք է բացել և կարդալ փաստաթուղթը և կարելի է հասկանալ, թե ինչ պարտավորություններ կան, ինչ պարտավորություններ՝ չկան։ ՌԴ խաղաղապահներն իրենցից կախված ամեն ինչ անում են, որպեսզի սրացում թույլ չտան և կայունացնեն իրավիճակը։ Դա անում են իրենց պատասխանատվության գոտում։ Իհարկե, շատ բան կախված է նաև ներգրավված բոլոր կողմերի գործողություններից և հայտարարություններից, որոնք, մեր կարծիքով, պետք է լինեն կառուցողական և միտված ընդհանուր հաջողությանը։ Եթե հնչում են հայտարարություններ, որոնք հակասում են հիմնական նպատակին, այն է՝ խաղաղության և կայունության հաստատմանը, տարաձայնությունների հաղթահարմանը, մենք միշտ ուշադրությունը կենտրոնացնում ենք դրա վրա՛՛,-ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչիչը:

Նա նաեւ վստահեցրել է, որ հաճախ ՌԴ ԱԳՆ հայտարարությունների հետեւում մանրակրկիտ ջանքեր և տիտանական աշխատանք է կանգնած՝ ուղղված բոլոր պայմանավորվածությունների իրականացմանը:

՛՛Մենք Հայաստանի ղեկավարության հայտարարությունները դիտարկում ենք որպես այն գծի շարունակություն, որը վերցրել են Եվրամիության հովանու ներքո անցկացված Պրահայի գագաթնաժողովում, ուստի հայկական կողմի, Հայաստանի ղեկավարության խղճին ենք թողնում Լեռնային Ղարաբաղի ճակատագրի համար պատասխանատվությունը երրորդ երկրների վրա բարդելու փորձերը՛՛,- նշել է նա։

Իսկ լրագրողների հարցին այն մասին, թե արդյոք Ռուսաստանը պե՞տք է պաշտպանի Ղարաբաղը, եթե Ադրբեջանը ցանկանա վերահսկողության տակ վերցնել խաղաղապահների պատասխանատվության գոտում գտնվող տարածքները, Զախարովան պատասխանել է, որ կարող է մեկնաբանել միայն ընթացիկ իրավիճակը. ՛՛Տեղին չէ խոսել այն մասին, թե այս ամենն ինչ տեսք կունենար, եթե ինչ-որ բան կատարվեր։ Եվ այս դեպքում շատ վնասակար է, որովհետև դա շահարկումների կհանգեցնի։ Կլինի՞ ինչ-որ բան, որը արձագանք կպահանջի, մենք կարձագանքենք։Մոդելավորմամբ զբաղվելը չափազանց վտանգավոր է՛՛:

  • Կիսվել: