կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայաստանի և Շվեյցարիայի ԱԳՆ-ների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ

Հայաստանի և Շվեյցարիայի ԱԳՆ-ների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ

Փետրվարի 6-ին Երևանում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության արտաքին գործերի նախարարությունների միջև: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
 
Հայկական պատվիրակությունը ներկայացնում էր ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Սամվել Մկրտչյանը, շվեյցարական պատվիրակությունը՝ արտաքին գերատեսչության Եվրասիական տարածաշրջանի վարչության պետ Մուրիել Պենըվերը:
 
Կողմերը գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Շվեյցարիայի միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, քննարկել երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ: Երկուստեք ընդգծվել է առկա համագործակցության զարգացման անհրաժեշտությունը՝ տնտեսության, բարձր տեխնոլոգիաների, մշակույթի, զբոսաշրջության և այլ ոլորտներում:  

Անդրադարձ է կատարվել միջազգային հարթակներում արդյունավետ համագործակցությանը և դրանց շրջանակներում փոխադարձ աջակցության հնարավորություններին:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին: Հայկական կողմը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը: 

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի շուրջ:

  • Կիսվել: