ուրբաթ, հուլիս 19
19 / 7 / 2024
Հայաստանի և Մոլդովայի արտաքին գործերի նախարարությունների միջև անցկացվել են քաղաքական խորհրդակցություններ

Հայաստանի և Մոլդովայի արտաքին գործերի նախարարությունների միջև անցկացվել են քաղաքական խորհրդակցություններ

Հունիսի 19-ին Քիշնևում Հայաստանի և Մոլդովայի արտաքին գործերի նախարարությունների միջև անցկացվել են քաղաքական խորհրդակցություններ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Հայաստանյան կողմից խորհրդակցությունները վարում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, մոլդովական կողմից՝ ՄՀ ԱԳՆ պետական քարտուղար Սերջիու Միխովը:

Խորհրդակցությունների ընթացքում կողմերը գոհունակությամբ արձանագրել են բարեկամական հենքի վրա զարգացող հարաբերությունների դինամիկան, քննարկել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերում փոխգործակցությունը և դրա ակտիվացման ուղիները:

Կարծիքներ են փոխանակվել առևտրի, տրանսպորտի, զբոսաշրջության և էներգետիկայի ոլորտներում համագործակցության հեռանկարների վերաբերյալ, անդրադարձ է կատարվել երկկողմ միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների ակտիվացման կարևորությանը:

Մոլդովական կողմին ներկայացվել է Ադրբեջանի ագրեսիայի և ՀՀ ինքնիշխան տարածքի օկուպացման հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված Հայաստանի Հանրապետության ջանքերի վերաբերյալ։

Մնացական Սաֆարյանը տեղեկացրել է մոլդովական պատվիրակությանը տարածաշրջանում կայունության և տնտեսական զարգացման ապահովմանը միտված` ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության վերաբերյալ։

Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության տարաբնույթ հարցերի, ինչպես նաև եվրոպական ինտեգրման օրակարգին:

 

  • Կիսվել: