երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայաստանի և Կանադայի արտգործնախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը

Հայաստանի և Կանադայի արտգործնախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը կանադացի գործընկեր Մելանի Ժոլիի հետ քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։

Ինչպես հայտնել է Միրզոյանը X-ի իր միկրոբլոգում՝ զրույցը տեղի է ունեցել Բլեդում (Սլովենիա) ընթացող Ռազմավարական համաժողովի ժամանակ։

«Հայաստանը գնահատում է Կանադայի սկզբունքային դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ։ Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումների համաձայն»,-նշել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Միրզոյանի խոսքով՝ բոլոր միջազգային հարթակները պետք է արդյունավետ օգտագործվեն այս խնդրի լուծման համար։

Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։

Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։

  • Կիսվել: