շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներն են խաղաղության առաջին շահառուն. Փաշինյան

Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներն են խաղաղության առաջին շահառուն. Փաշինյան

Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներն են խաղաղության առաջին շահառուն։ Այս մասին բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա ընդգծել է, որ վերջին հինգ ամսում կարևոր է, որ երկու խոշոր համաձայնություն է ձեռք բերվել Ադրբեջանի հետ։

Վարչապետը, մասնավորապես, նշել է. «Այս տեսական թեզը, որը, իհարկե, շատ տեսական է հնչում, քայլ-քայլ կարող է ստանալ առարկայական արտահայտություն: Հատկապես կարևոր է, որ վերջին 5 ամսում մենք երկու խոշոր համաձայնություն ենք ձեռք բերել Ադրբեջանի հետ: Եվ դա նրա արտահայտությունն է, որ ի վերջո հենց Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդներն են խաղաղության շահառու:

Այսինքն, իհարկե, ներդրողները՝ այո, իհարկե, տնտեսական գլոբալ կայունությունը՝ այո, բայց առաջին հերթին մենք ենք շահառուները խաղաղության: Եվ այս առումով, Ադրբեջանից հնչող մի շարք հայտարարություններ, որոնք վերաբերում են Հայաստանի բանակի բարեփոխումներին և արդիականացմանը, մեզ անհանգստացնում է: Ինչու՞, որովհետև Դուք ճիշտ նկատեցիք, եթե մենք տեսնենք Ադրբեջանի և Հայաստանի ռազմական բյուջեների հարաբերակցությունը, այդտեղ էական դիսբալանս կա, և այո, այդ հարաբերակցությունը ձևավորում է նաև Ձեր նշած գործարքների միջոցով Ադրբեջանի եկամուտների շնորհիվ:

Բայց մեզ ի՞նչն է անհանգստացնում, որ նույնիսկ այս դիսբալանսի պայմաններում Ադրբեջանը շատ ագրեսիվ է արձագանքում Հայաստանի զինված ուժերի բարեփոխումներին և սպառազինության ու տեխնիկայի ձեռբերումներին, չնայած, մենք բոլորս հասկանում ենք, որ այդ ձեռքբերումներն ունեն բացառապես պաշտպանական նշանակություն»,-ասել է Փաշինյանը: Նա կրկնեց իր նախկինում ասած միտքը, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը. «Կարծում եմ՝ մենք պետք է արձանագրենք, որ մարտունակ բանակ ունենալը, այո, երբեմն օգտագործվում է պատերազմի համար, բայց մարտունակ բանակ ունենալը կարևոր է նաև խաղաղության համար, ուժերի ճիշտ բալանս ձևավորելու համար:

Եվ նաև այս է պատճառը, որ երբ Ադրբեջանը բարձրացնում է այդ հարցերը, մասնավորապես՝ մեր կողմից սպառազինությունների ձեռքբերման, որն Ադրբեջանի կողմից ձեռքբերվող սպառազինության 15-20 տոկոսից ավելի չէ՝ և՛ ֆինանսական, և՛ ծավալի առումով, և հիմնականում կրում է պաշտպանական բնույթ ու ունի պաշտպանական նշանակություն, բայց մենք նաև այդ հայտարարություններն անարձագանք չենք թողնում:

Մենք Ադրբեջանին առաջարկել ենք սպառազինությունների վերահսկման փոխադարձ երկկողմ մեխանիզմ ստեղծել: Այսինքն, որպեսզի կարողանանք փոխադարձ այդ համաձայնությունների սահմաններում մեր սպառազինություններն ապահովել և մեր տարածաշրջանում սպառազինությունների մրցավազք չսադրել:

Մենք առաջարկել ենք և շարունակում ենք առաջարկել, որ զորքերի հայելային հետքաշում տեղի ունենա 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրով արձանագրված սահմանից: Այդ արձանագրումը, այդ առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ: Մենք առաջարկել ենք չհարձակման վերաբերյալ համաձայնագիր ստորագրել նույնիսկ մինչև խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնություն ձեռք բերելը, որովհետև շատ պարզ համաձայնագիր է, որ մենք, նամանավանդ հիմա, երբ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագիրը դրել ենք մեր սահմանագծման, սահմանազատման պրոցեսի հիմքում, կարող ենք, դա շատ պարզ թուղթ է, ստորագրել, որ չենք հարձակվելու իրար վրա՝ ելնելով այն իրողությունից, որ միմյանց տարածքային ամբողջականությունները ճանաչել ենք և միմյանց նկատմամբ տարածքային նկրտումներ չունենք:

Հետևաբար, այս տրամաբանությամբ, կարծում եմ, որ մենք պետք է շարունակենք աշխատել, և այն համաձայնությունը, որ նախորդ ուրբաթ օրը երկու երկրների սահմանազատման հարցերով զբաղվող հանձնաժողովները ձեռք բերեցին, նաև նման համաձայնություններն իրենք կարող են կայունությանը նպաստել»:

  • Կիսվել: