կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Հայաստանի եւ Ադրբեջանի դիրքորոշումներում դեռ տարբերություններ են պահպանվում. ԱԳ փոխնախարար

Հայաստանի եւ Ադրբեջանի դիրքորոշումներում դեռ տարբերություններ են պահպանվում. ԱԳ փոխնախարար

Հայաստանի կողմից կա պատրաստակամություն ստորագրելու եւ իրականացնելու հարաբերությունների կարգավորման եւ խաղաղության մասին համաձայնագիր, այս ուղղությամբ աշխատանքներ են տարվում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։

«Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այն հարցերի շուրջ, որոնց մասին մինչ այժմ խոսում էին եւ որոնց վերաբերյալ գրավոր համաձայնություն ձեռք չի բերվել, շարունակում են պահպանվել դիրքորոշումների տարբերություններ։

Աշխատանքները շարունակվում են։ Մենք հուսով ենք, որ կհաջողվի հասնել միասնական տեքստի ընդունման։ Յուրաքանչյուր բանակցության ժամանակ փորձում ենք մոտեցնել կողմերի դիրքորոշումները։

Ներկա պահին նոր հանդիպման մասին պայմանավորվածություն չկա։ Հենց որ լինի, այդ մասին կհայտարարվի»,- ընդգծել է պաշտոնյան։

Կոստանյանը նշել է, որ սահմանազատման գործընթացի սկզբունքն այն է, որպեսզի վերականգնվի 1991թ. սահմանագծի առկա իրավական, իրավաբանական ուժը։

Նա ավելացրել է, որ դրա համար պետք է կիրառվեն ամենաթարմ քարտեզները, որոնք գոյություն ունեին 1991թ.՝ բացատրելով, որ այդ տեղամասում (Տավուշում- խմբ.) կիրառվում է 1976թ. Գլխավոր շտաբի քարտեզը։

Նրա խոսքով՝ երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների հայտարությունում ամրագրված է, որ սահմանազատումը պետք է իրականացվի հենց Ալմաթիի հռչակագրի հիման վրա։

«Հարաբերությունների կարգավորման մասին փաստաթղթի շուրջ բանակցություններում ԱԳՆ մակարդակով աշխատում ենք, որպեսզի դրանում տեղ գտնեն նույն ձեւակերպումներն ու հիշատակումները Ալմաթիի հռչակագրի մասին»,- նշել է փոխնախարարը։

Նա հրաժարվել է մեկնաբանել ներքաղաքական գործընթացները եւ, ինչպես հայտնել է, «մանավանդ եթե դրանք չկան»։

  • Կիսվել: