կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայաստանի անվտանգության ապահովման տեսանկյունից ՀԱՊԿ մեխանիզմին տեսանելի այլընտրանք չկա․ Գալուզին

Հայաստանի անվտանգության ապահովման տեսանկյունից ՀԱՊԿ մեխանիզմին տեսանելի այլընտրանք չկա․ Գալուզին

Մենք ելնում ենք նրանից, որ ՀԱՊԿ-ում մնալը և կազմակերպության շրջանակում լիարժեք խորհրդակցություններին, քննարկումներին վարադառնալը, համապատասխանում են առաջին հերթին Հայաստանի ժողովրդի և հայկական պետության շահերին։ Այս մասին Известия-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը:

«Օբյեկտիվորեն, մեր կարծիքով, Հայաստանի անվտանգության ապահովման տեսանկյունից ՀԱՊԿ մեխանիզմին տեսանելի այլընտրանք չկա։ Ավելին, ՀԱՊԿ անդամ երկրները միշտ բաց են եղել և բաց են մնում Երևանին օգնություն ցուցաբերելու համար։

Ժամանակին Հայաստանին առաջարկվել են ռազմատեխնիկական բնույթի միջոցառումներ, մասնագիտացված կադրերի պատրաստման, ՀԱՊԿ դիտորդական առաքելություն Հայաստանի և Ադրբեջանի սահմանային շրջաններ ուղարկելու հետ կապված միջոցառումներ։ Բայց, ցավոք, այդ փուլում այդ գաղափարներն ու առաջարկները հավանության չարժանացան ու կյանքի չկոչվեցին», - ասել է Գալուզինը։

Գալուզինը հերթական անգամ շեշտել է, որ Հարավային Կովկասի ապագան պետք է որոշեն տարածաշրջանային երկրները, և ոչ թե ԱՄՆ-ը, Ֆրանսիան կամ Եվրամիությունը։ Նա Հայաստանին մեղադրել է արևմտյան ուժերին «տարածաշրջան բերելու հակվածության» համար:

«Անդրկովկասում Արևմուտքի շահերը կապված են ոչ թե Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում Հայաստանին օգնելու և խաղաղության ու կայունության հասնելու հետ, այլ Ռուսաստանին այդ գործընթացից դուրս մղելու և նրա սահմանների անմիջական հարևանությամբ լարվածության ևս մեկ օջախ ստեղծելու հետ»,- ասել է նա։

Նա խոսքով՝ իրենք հույս ունեն, որ որքան շուտ Երևանը հաղթահարի իր կասկածները ՀԱՊԿ-ի հետ կապված և վերադառնա կառուցողական, արդյունավետ և բովանդակալից քննարկումներին այս կազմակերպության օրակարգային հարցերի քաղաքական և փորձագիտական մակարդակներում, այնքան ավելի լավ։

։

 

  • Կիսվել: