երկուշաբթի, հոկտեմբեր 19
19 / 10 / 2026
Հայաստան, Ռուսաստան, Իրան, Բելառուս, Հնդկաստան․ «Armenia Expo 2021»-ը մեկ հարկի տակ է հավաքել մոտ 200 կազմակերպություն

Հայաստան, Ռուսաստան, Իրան, Բելառուս, Հնդկաստան․ «Armenia Expo 2021»-ը մեկ հարկի տակ է հավաքել մոտ 200 կազմակերպություն

«Armenia Expo 2021» 20-րդ միջազգային ունիվերսալ արդյունաբերական ցուցահանդեսային ֆորումը մեկ հարկի տակ է հավաքել տնտեսության տարբեր ճյուղերը ներկայացնող մոտ 200 կազմակերպություն։

Այս տարի ավելի է ընդլայնվել մասնակիցների աշխարհագրությունը, և ներկա էին ընկերություններ 7 երկրից՝ Հայաստանից, Ռուսաստանից, Իրանից, Բելառուսից, Հնդկաստանից, Իտալիայից, Կոլումբիայից։
 
«Armenia Expo 2021»-ն կազմակերպել են Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունն ու Logos Expo Center ցուցահանդեսային ընկերությունը։ Այն մեկնարկել է սեպտեմբերի 16-ին և տևելու մինչև 18-ը։
 
Արդյունաբերողների և գործարարների միության  փոխնախագահ Ներսես Կարամանուկյանը նշեց, որ հայկական շուրջ 80 կազմակերպություն իր արտադրանքն է ներկայացնում ցուցահանդեսին։
 
«Ուրախ կլինեմ, որ նման առիթներ ավելի շատ ստեղծվեն, և մեր արտադրողների ու մեզ հետ համագործակցող երկրների արտադրանքը ներկայացնելով, նպաստենք մեր երկրի զարգացմանը։ Վստահ եմ, որ կկարողանանք հասնել նորանոր հաջողությունների»,- նշեց Կարամանուկյանը։
 
ՀՀ-ում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկն էլ ողջունեց բոլոր ներկաներին և ընդգծեց, որ նման միջոցառումներն անգին են, քանի որ դրանք իրականացվում են մարդկության համար դժվարին ժամանակներում։
 
«Բավական շատ ձեռներեցներ են ժամանել Հայաստան՝ մասնակցելու այս ցուցահանդեսին։ Բելառուսից 11 կազմակերպություն է ներկայացված այստեղ։ Համոզված եմ, որ նման միջոցառումները, որ իրականացվում են, նպաստում են ոչ միայն ընդունող երկրի, այլև մասնակիցների զարգացմանը»,- ասաց Կոնյուկը։

  • Կիսվել: