ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
«Հայաստան» հիմնադրամն ԱԺ հանձնաժողովին է ներկայացրել Covid-19-ի դրամահավաքի ծախսման ուղղությունները

«Հայաստան» հիմնադրամն ԱԺ հանձնաժողովին է ներկայացրել Covid-19-ի դրամահավաքի ծախսման ուղղությունները

«Հայաստան» համահայկական հիմնադրամը Կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովին ներկայացրել է «Covid-19- Հայաստան. միասին հաղթահարենք համավարակը» դրամահավաքին հավաքագրված գումարների ծախսման ուղղությունները: Այս մասին հայտնեց հանձնաժողովի նախագահ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արկադի Խաչատրյանը:

«Դրամահավաքն իրականացվել է հիմնադրամի նախաձեռնությամբ, 2020 թ. մարտի 13-ից օգոստոսի 27-ն ընկած ժամանակահատվածում, որի ընթացքում հավաքագրվել է 325 մլն 608 հազար 555 դրամ: Այդ գումարից 154,8 մլն դրամը հավաքագրվել է մասնավոր կազմակերպություններից, 18 մլն 115 հազար դրամը՝ արտերկրում և Հայաստանում ապրող ֆիզիկական անձանցից, իսկ 152 մլն 675 հազար դրամը՝ «Հայաստան» հիմնադրամի սփյուռքում գործող մարմիններից»,- ասաց Խաչատրյանը:
 

«Հայաստան» համահայկական հիմնադրամից հանձնաժողովի հարցմանն ի պատասխան նշել են, որ 2020 թ. հուլիսի 22-ի դրությամբ հավաքագրված է եղել 800 հազար 30 ԱՄՆ դոլար, որից 695 հազար 244 ԱՄՆ դոլարն ուղղվել է տարբեր բժշկական պարագաների ու սարքավորումների ձեռքբերմանը, կարիքավոր ծերերին ամենամսյա սննդի մատակարարմանը և բազմաթիվ հայրենակիցների Հայաստան վերադարձին:

«695 հազար դոլարի ծախսման ուղղությունները. մոտ 300 հազար դոլար ուղղված է եղել շտապօգնության ծառայության անձնակազմին, բժշկական սարքավորումներին է ուղղվել 275 հազար դոլար, որոնցից առավել խոշորները՝ 8 արհեստական օդափոխության սարք, դյուրակիր թվային ռենտգեն՝ 2 միավոր, թթվածնային 123 խտացուցիչ: Բուժսարքավորումները և պարագաները բաշխվել են Առողջապահության նախարարությանը, տարբեր բուժհաստատություններին, ինչպես նաև Պաշտպանության նախարարության և Պաշտպանության բանակի ռազմաբժշկական վարչություններին»,- նշեց Արկադի Խաչատրյանը:

Հանձնաժողովի նախագահը հավելեց, որ դրամահավաքի վերաբերյալ մանրամասն հաշվետվությունը հնարավոր կլինի ստանալ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից տարեկան հաշվետվությունը հաստատելուց հետո:

  • Կիսվել: