«Հայաստան» Դաշինքի հայտարարությունը` Արմեն Գևորգյանին մեղադրանքներ ներկայացնելու կապակցությամբ
«Հայաստան» Դաշինքի հայտարարություն է տարածել՝ Արմեն Գևորգյանին մեղադրանքներ ներկայացնելու կապակցությամբ:
Հայտարարությունը՝ ստորև.
՛՛Ներկայիս ժամանակավոր իշխանությունը տարրական անվտանգային հարցերի ձախողման, Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքների ծայրահեղ վտանգված լինելու պայմաններում` արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական կարևոր փուլում կրկին անցել են քաղաքական հետապնդումներին:
Միայն վերջին օրերին «Հայաստան» դաշինքի մի քանի համակիրների նկատմամբ իրավապահներն սկսել են խայտառակ քրեադատավարական ճնշումներ: Այսօր «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի պետ Արմեն Գևորգյանի նկատմամբ իբր քննվող քրեական գործով հենց այս փուլում առաջադրել են հորինած մեղադրանքներ: Հատուկ քննչական ծառայությունը միայն այսօրվա ընթացքում, չնայած պետական անվտանգային չլուծված և օրհասական խնդիրներին, երկու անգամ ծանուցագիր էր ուղարկել Արմեն Գևորգյանին: Այս քաղաքական հետապնդումն սկսվեց հենց «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբերի կազմավորման փուլում` հետապնդելով միայն քաղաքական միջամտության նպատակ։
Իրավապահները պետք է հստակ գիտակցեն, որ իրենց յուրաքանչյուր կատարած ապօրինության համար շատ խիստ են պատժվելու։ Այսպիսի ապօրինություններով ոչ ոքի չեն ճնշելու, այլ ճիշտ հակառակը:
Ժամանակավոր իշխանությանը և միայն իրենց ծառայող քննիչ ու դատախազներին` իրենց պետերով, զգուշացնում ենք, որ նման և այլ ապօրինի, ինչպես նաև քաղաքական մրցակցությունը խախտող արարքները հստակ արձանագրվում են ու պատասխանատվությունից ոչ մի իրավիճակում չեն խուսափելու՛՛:
Նշենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Գևորգյանի պաշտպանը հայտնել է, որ Արմեն Գեւորգյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Հիշեցնենք նաև, որ Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել շուրջ 5 միլիարդ ՀՀ դրամի` հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու համար: