շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայ-ռուսական հարաբերությունները չեն փորձության ենթարկվում, այլ՝ պայմանագրերը. Արթուր Հովհաննիսյան

Հայ-ռուսական հարաբերությունները չեն փորձության ենթարկվում, այլ՝ պայմանագրերը. Արթուր Հովհաննիսյան

Հայ-ռուսական հարաբերությունները փորձություն են ապրում, բայց դա պայմանավորված չէ երրորդ կողմի ազդեցությամբ, հայտարարում է իշխող ուժի ներկայացուցիչ Արթուր Հովհաննիսյանը, գրում է Ազատությունը:

Պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն ընդգծում է՝ Հայաստանի գործողությունների ու որոշումների վրա չկա և չի կարող լինել որևէ երրորդ ուժի ազդեցություն:

«Փորձության են ենթարկվում ոչ թե հայ-ռուսական հարաբերություններն այս կոնտեքստում, եթե մի քիչ ավելի դետալացնենք, փորձության են ենթարկվում այն պայմանագրերը, որոնք կան մեր մեջ։ Այս կոնտեքստում կարող ենք խոսել նաև ՀԱՊԿ-ի մասին, որովհետև այնտեղ էլ կան պայմանագրեր և չկատարված պարտավորություններ, այսինքն՝ այս պայմանագրային հարաբերություններն են փորձության ենթարկվում, մենք պետք է հասկանանք՝ հիմա այս պայմանագրերը վերջը գործում են, թե չեն գործում», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեկ Մոսկվայում «Հանրային դիվանագիտության դերն ու տեղը Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացման գործում» նշանաբանով համաժողովի ուղերձում պնդել է, թե երկու երկրների դաշնակցային կապերի ամրությունը քննություն է անցնում, քանի որ Արևմուտքը փորձում է խաթարել այդ հարաբերությունները:

Ռուսաստանի դիվանագիտության ղեկավարը հայ-ռուսական լարվածության համար առաջին անգամը չէ, որ մեղադրում է Արևմուտքին։ Երևանից, սակայն, հակադարձում են՝ հիշեցնելով անցած տարի Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումը չդատապարտած ՀԱՊԿ-ից ունեցած լուրջ դժգոհությունը, անվտանգության հարցերում Մոսկվայի պայմանագրային պարտավորությունների ձախողումը, իսկ Արցախի անկումից հետո՝ նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որի հիմնական կետերը մնացին թղթի վրա:

«Կան պարտավորություններ, և կան չկատարված պարտավորություններ, և մենք հիմա աշխատանքային ռեժիմով, պաշտոնական ռեժիմով մեր գործընկերների հետ փորձում ենք առաջ շարժվել՝ հասկանալու համար, թե ինչպես լուծել առաջացած խնդիրները», - նշեց Արթուր Հովհաննիսյանը:

Երևանից արձագանքում են Մոսկվային՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը դե ֆակտո գոյություն չունի

Եվ մինչ Երևանը քննադատում է ռուսական կողմին դաշնակցային պարտավորությունները ձախողելու, նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի դրույթները չպահպանելու և Լեռնային Ղարաբաղի բնակչությանը չպաշտպանելու համար, Մոսկվայից երկու օր առաջ զգուշացրել են, թե այդ հայտարարությունից հրաժարվելու փորձերը չափազանց վտանգավոր են: Պաշտոնական Երևանն այս զգուշացմանը չի արձագանքել, սակայն իշխող ուժի ներկայացուցիչ Արթուր Հովհաննիսյանը դա աբսուրդ է համարում:

«Ինչի՞ց հրաժարվենք, Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան շփման գծի՞ց։ Դրանից հնարավոր չի հրաժարվել, այդ գիծը գոյություն չունի: Լաչինի միջանցքի՞ց հրաժարվենք։ Դրանից էլ հնարավոր չի հրաժարվել, Լաչինի միջանցք այլևս չկա։ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգությո՞ւնից հրաժարվենք Լեռնային Ղարաբաղում, դրանից էլ չենք կարող հրաժարվել, որովհետև չկա դա, այսինքն՝ պետք է հրաժարվես մի բանից, ինչը որ կա: Եթե ինչ-որ բան չկա, ինչպե՞ս հրաժարվես դրանից», - շեշտեց ՔՊ-ական պատգամավորը:

  • Կիսվել: