երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024

Հայ-գերմանական գիտահետազոտական սերտ համագործակցության համար կան բարենպաստ պայմաններ․ Բունդեսթագի պատգամավորը՝ հայաստանյան այցի մասին

Հայ-գերմանական գիտահետազոտական համագործակցությունն ունի ավելի քան երեսուն տարվա պատմություն, իսկ վերջին տասը տարիներին Գերմանիայի գիտության և գիտահետազոտության նախարարությունը Հայաստանի գիտության կոմիտեի հետ հարաբերություններն ավելի է խորացրել։

2023.07.10_18.58.40.86.JPG (566 KB)

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության գիտության և գիտահետազոտության նախարարության պետքարտուղար, Բունդեսթագի պատգամավոր Յենս Բրանդենբուրգը, ով Հայաստան է ժամանել Գերմանիայի խոշորագույն գիտահետազոտական ընկերության ներկայացուցիչ Հայդե Առենսի հետ։ 

«Այցի ընթացքում հանդիպել ենք Հայաստանի ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ ու քննարկել գիտահետազոտության բնագավառում արդեն իսկ առկա համագործակցությանն առնչվող խնդիրները, դիտարկել ենք փոխգործակցության հետագա հնարավորությունները։ Հանդիպել ենք նաև հայաստանյան ԲՈՒՀ-երի ռեկտորների հետ և անմիջականորեն տեղեկացել տեղի բարձրագույն ուսումնական հաստատությունների գործունեության մասին՝ կանխորոշելով համագործակցության կարևոր եզրերը, որոնք ապագայում կարող են միավորել կողմերին»,- ասաց Բունդեսթագի պատգամավորը։

 

2023.07.10_19.07.08.68.JPG (773 KB)

Նրա փոխանցմամբ՝ պակաս կարևոր չէր հանդիպումը ՀՀ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանի հետ, որի ընթացքում քննարկվել են համատեղ իրականացվող հինգ ծրագրերի ընթացիկ աշխատանքները՝ հայ և գերմանացի գիտնականների մասնակցությամբ։ Գերմանական կողմին բավականաչափ հետաքրքրել է Հայաստանում կառուցվելիք ակադեմիական քաղաքի նախագիծը։

 

«Այցելել ենք նաև ԹՈՒՄՈ կենտրոն։ Գերմանիայում վերջին տարիներին բացվել են նմանատիպ մի շարք կենտրոններ, մի քանիսն էլ տակավին բացման գործընթացի մեջ են։ Մեզ համար շատ կարևոր էր ԹՈՒՄՈ-ն տեսնել իր բնօրինակով, իր հայրենի երկրում։ Ծանոթացանք բազմաթիվ ոգևորված աշակերտների հետ, որոնք առօրյայի երկրորդ մասն անցկացնում են այդ հետաքրքիր կենտրոնում»,- ասաց Բրանդենբուրգը։

Գերմանիայի խորհրդարանի պատգամավորի տեղեկացմամբ՝ այսօր կայանալու է նաև ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարարի հետ հանդիպումը, քննարկվելու է նաև Սևանա լճին առնչվող ծրագիրը, որի շրջանակում գերմանական պատվիրակությունը կայցելի Սևան։ Լճին առնչվող գիտահետազոտական ծրագրով ուսումնասիրվելու է Սևանի ջրի որակը, կառավարման ավելի արդյունավետ տարբերակներ են առաջարկվելու հայ գիտնական գործընկերներին։ Անշուշտ դա ենթադրում է փորձի փոխանակում, տեխնիկական ու խորհրդատվական աջակցություն՝ ուղղված Սևանի ջրային պաշարների պահպանմանը, արդյունավետ ու խնայողաբար օգտագործմանը։ Մասնագիտական ծրագիրը հնարավորություն կընձեռի անմիջականորեն ծանոթանալու հայկական լանդշաֆտին։  

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

  • Կիսվել: