չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Հայ գերիները դատվում են արագացված կարգով՝ առանց արդար դատավարության ընթացակարգերի. Amnesty International

Հայ գերիները դատվում են արագացված կարգով՝ առանց արդար դատավարության ընթացակարգերի. Amnesty International

Amnesty International բրիտանական կազմակերպությանը զեկույց է հրապարակել, որի թեմաներից մեկը վերաբերում է Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիներին և նրանց հետագա ճակատագրին:

«Նոյեմբերին ՄԱԿ-ի Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտեն կոչ արեց Ադրբեջանին՝ արդյունավետ հետաքննել զինված առճակատման համատեքստում արձանագրված բոլոր խախտումները և ապահովել, որ տուժածներին հասանելի լինեն իրավական պաշտպանության միջոցները»,- 1lurer-ի փոխանցմամբ՝ ասվում է փաստաթղթում։
 
Զեկույցի հեղինակները նշում են նաև, որ դեռևս սեպտեմբերին Եվրախորհուրդն իր զեկույցում «մտահոգություն էր հայտնել տասնյակ բանտարկյալների՝ անմարդկային պայմաններում գտնվելու փաստի կապակցությամբ»։
 
«Գերիները դատվում են արագացված կարգով՝ առանց արդար դատավարության ընթացակարգերի: Իսկ շուրջ 30 հայ գերու ճակատագիրն ու գտնվելու վայրը մնում են անհայտ, չնայած այն հանգամանքին, որ կան ենթադրություններ նրանց հարկադիր անհետացման և, հնարավոր է, նույնիսկ սպանության մասին»,- ասվում է զեկույցում։
 
Amnesty International-ի փորձագետները ուսումնասիրության մեջ անդրադառնում են նաև 2020 թվականի պատերազմի ընթացքում և դրանից հետո խոշտանգումների և այլ դաժան վերաբերմունքի թեմային:
 
«Ստացվել են խոշտանգումների և այլ դաժան վերաբերմունքի մասին բազմաթիվ հաղորդագրություններ, որոնցում հաստատում են, որ ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչները խոշտանգել են հայ գերիներին և ենթարկել տարբեր տեսակի դաժանությունների նրանց գերեվարման, տեղափոխման և կալանավորման ժամանակ, սակայն նման հաղորդումների արդյունավետ հետաքննություն չի իրականացվել»,- նշվում է տեքստում։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: