շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ԵԽԽՎ-ում բոլոր քննարկումների ժամանակ բարձրացվում է թիվ մեկ հարցը՝ ռազմագերիների և պատանդ պահվող անձանց խնդիրը. Տաթևիկ Հայրապետյան

ԵԽԽՎ-ում բոլոր քննարկումների ժամանակ բարձրացվում է թիվ մեկ հարցը՝ ռազմագերիների և պատանդ պահվող անձանց խնդիրը. Տաթևիկ Հայրապետյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը Ֆեյսբուքի էջում հայտնել է, որ այսօր Ստրասբուրգում մեկնարկել է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը, որին մասնակցում է նաև հայկական պատվիրակությունը: Պատվիրակության մեծ մասը Ստրասբուրգում է, իսկ Նաիրա Զոհրաբյանը և Միքայել Մելքումյանը մասնակցում են հեռակա:

«Բոլոր քննարկումների ժամանակ բարձրացվում է թիվ մեկ հարցը՝ ռազմագերիների և պատանդ պահվող անձանց խնդիրը:

Կան նաև այլ խնդիրներ՝ պատերազմական հանցագործություններ, հայատյաց քաղաքականություն, ահաբեկիչների ներգրավում, որոնց առաջիկա ելույթների ժամանակ կանդրադառնան պատվիրակության անդամները:
 
Այսօր քաղաքական խմբերի քննարկումների շրջանակներում ևս մեկ անգամ շեշտել եմ ռազմագերիների հարցի հրատապությունը՝ օրինակ բերելով, որ ՄԻԵԴ-ի կողմից միջանկյալ միջոց կիրառելուց հետո ցուցակում նշված գերիներից մեկը՝ Արսեն Կարախանյանը, սպանվել է:
 
Դա աննախադեպ երևույթ է ու ևս մեկ անգամ փաստում է, որ հայ գերիների կյանքը վտանգված է Ադրբեջանում»,- գրել է Հայրապետյանը:

  • Կիսվել: