կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորումը տարածաշրջանային ֆորումներ կանցկացնի Եվրոպայում, Հարավային Ամերիկայում, ՌԴ-ում և այլուր

Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորումը տարածաշրջանային ֆորումներ կանցկացնի Եվրոպայում, Հարավային Ամերիկայում, ՌԴ-ում և այլուր

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և  Բարձրաշնորհ Տեր Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանի առաջնորդությամբ Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորումը (ՀԵՀԵՄ) շարունակում է իրագործել իր համաթեմական, թեմական և տարածաշրջանային ծրագրերը:

Այս մասին հայտնում են ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակից: 

2023 թվականի սեպտեմբերի 8-ին տեղի ունեցած ՀԵՀԵՄ VI Ատենապետաց առցանց ժողովի ընթացքում որոշվել են 2024-2025 թվականների ՀԵՀԵՄ տարածաշրջանային և համաթեմական գործունեության հիմնական միջոցառումները։   

2024 թվականին նախատեսվում են մի շարք տարածաշրջանային ֆորումներ։ Նախ Հայաստանի սահմանամերձ շրջաններում կանցկացվեն 3 թեմական ֆորումներ, որոնց կհաջորդի ՀԵՀԵՄ հոգևոր տեսչի այցը Հյուսիսային Ամերիկայի 3 թեմեր, որի ընթացքում կամրապնդվեն ՀԵՀԵՄ գրասենյակի և Հյուսիսային Ամերիկայի հիշյալ թեմերի միջև կապերը, կիրականացվեն ծրագրեր։ 

Կանցկացվեն տարածաշրջանային ֆորումներ Եվրոպայում, Հարավային Ամերիկայում, ինչպես նաև՝ Ռուսաստանում և ԱՊՀ-ում, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի տարածաշրջաններում։ 

Նախատեսվում է 2024 թվականի վերջին Մայր հայրենիքում գումարել ՀԵՀԵՄ Ատենապետաց ժողով՝ Հայաստանի և Սփյուռքի թեմերի երիտասարդական  հարցերով հոգևորական և աշխարհական պատասխանատուների մասնակցությամբ։

Կենտրոնական գրասենյակի 2024 թվականի ծրագրերը նախապատրաստությունն են 2025 թվականին լրանալիք ՀԵՀԵՄ հիմնադրման 25-ամյակին։ 25-ամյակի միջոցառումների մեծագույն ձեռնարկը կլինի հուլիսի 2-7-ը կայանալիք «Քրիստոնյա ընտանիքը հայ ինքնության խարիսխ» խորագրով ուխտագնացության կազմակերպումը։ Ուխտագնացությանը կմասնակցեն մեծ թվով երիտասարդներ սփյուռքից, որոնք Հայաստանի թեմերից երիտասարդների հետ կհամախմբվեն Սուրբ Էջմիածնի հովանու ներքո։

Տարածաշրջանային ֆորումների և Համահայկական մեծ ուխտագնացության շրջանակներում իրականացվող դասընթացներից ու ծրագրերից ակնկալվող արդյունքը թեմական երիտասարդական ակտիվի մոտիվացումն է, ժամանակակից երիտասարդության կարիքների, առանձնահատկությունների և մարտահրավերների գնահատումը, երիտասարդների հոգևոր գիտելիքների աճը։

  • Կիսվել: