շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայ-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակի վերաբերյալ ընդդիմությունը քննարկումներ է նախաձեռնել

Հայ-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակի վերաբերյալ ընդդիմությունը քննարկումներ է նախաձեռնել

Հայ-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակի և սահմանազատման խնդիրների հարցով խորհրդարանական ընդդիմությունը քննարկումներ է նախաձեռնել։ Այս մասին այսօր հրավիրած համատեղ ասուլիսում ասացին «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները։

Պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց, որ հարցն ընդգրկված է վաղը մենարկելիք ԱԺ հերթական նստաշրջանի օրակարգում։ «Խորհրդարանական ընդդիմությունը մշտապես հայտարարել է, որ պետք է օգտագործվեն թե խորհրդարանական բոլոր գործիքակազմերը, թե նաև արտախորհրդարանական բոլոր հնարավորությունները։ ԱԺ-ի՝ վաղը սկսվող նիստերի օրակարգում ներառված են երկու կարևոր հարցեր։ Այդ գործիքներից մեկը քննիչ հանձնաժողովի գործիքն է, այս պահին օրակարգում է գտնվում Հայաստան համահայկական հիմնադրամի կողմից միջոցները օգտագործելու, Հայաստանի կառավարությանը փոխանցելու հարցը։

Խոսքն այն միջոցների մասին է, որոնք հավաքվել էին 2020 թվականի սեպտեմբերի 27-ից անմիջապես հետո և նպատակ ունեին պատերազմի շրջանում օժանդակելու մեր պետությանը։ Երկրորդ գործիքը, որը վաղվա նստաշրջանում կա, ԱԺ կանոնակարգ օրենքով և Սահմանադրությամբ նախատեսված հանրային հետաքրքրություն ներկայացնող հրատապ թեմայով քննարկումն է։ Այն վերաբերում է Ադրբեջանի հետ Հայաստանի շփման գծում տիրող իրավիճակին և դեմարկացիայի խնդիրներին։ Այս օրերին, քանի որ չափազանց մեծ տեղեկատվական հոսքերի պայմաններում այս հարցն էլ ավելի է արժևորվում, մենք մտադիր ենք ոչ միայն ունենալ ամենաարդյունավետ քննարկումներից մեկը, այլ նաև վերջում առաջադրել կոնկրետ հայտարարության նախագիծ՝ ուղղված ոչ միայն միջազգային հանրությանը, մեր քաղաքացիներին, այլև գործադիր իշխանությանը՝ իր սահմանադրական, օրինական պարտավորությունները կատարելու առումով»,- ասաց Արծվիկ Մինասյանը։

  • Կիսվել: