ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող ԱԺ հայտարարության նախագիծը չընդգրկվեց օրակարգում

Հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող ԱԺ հայտարարության նախագիծը չընդգրկվեց օրակարգում

ԱԺ նիստում այսօր՝ հունիսի 14-ին, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց, որ պետք է քվեարկության դրվի  «Հայաստան»  և «Պատիվ ունեմ» խմաբկցությունների ներկայացրած «Հայ-ադրբեջանական և  հայ-թուրքական  հարաբերությունների կապակցությամբ»  ԱԺ հայտարարության նախագիծը:

«Քանի որ գլխադասային  հանձնաժողովը հարցը չի քննարկել և եզրակացություն չի ներկայացրել, նստաշրջանի օրակարգ ընդգրկելու համար այս հարցը պետք է քվեարկության դրվի»,-ասաց նա:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ասաց, որ ՔՊ-ն  չի մասնակցելու այս քվեարկությանը։  Քանի որ ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցում նիստին, ապա գրնցվեց հետեւյալ արդյունքը՝ կողմ 0, դեմ 0, ձեռնպահ 0։

Հիշեցնենք, որ հունիսի 3-ին ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները ԱԺ արտահերթ նիստ էին հրավիրել, որի օրակարգում էր իրենց ներկայացրած  «Հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ» Ազգային ժողովի հայտարարության նախագիծը, սակայն քվորում չլինելու պատճառով նիստը չէր կայացել։ Իշխող ՔՊ-ական խմբակցության պատգամավորները չէին մասնակցել նիստին։

Հիշեցնենք նաև «Հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ» հայտարարության տեքստը.

«Հիմք ընդունելով ՀՀ անկախության հռչակագիրը, ՀՀ Սահմանադրությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝  Արցախի ժողովրդի 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեի արդյունքները, միջազգային իրավունքի հիմնադրույթները, Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների  կողմից բազմիցս ներկայացված հիմնարար սկզբունքները՝

Հայտարարում ենք․

1․ Հայաստանի Հանրապետությունն աջակցելու է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացմանը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչմանը։ Հայաստանի Հանրապետության համար անընդունելի է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման որևէ վերջնական տարբերակ, որի արդյունքում Արցախը կարող է հայտնվել Ադրբեջանի կազմում։

2․ Պետք է ապահովել հուսալի ցամաքային կապ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև՝ բացառելով վերջինիս անկլավային վիճակը։

3․ ՀՀ -ն Արցախի ժողովրդի անվտանգության և ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավորն է՝  բոլոր բաղադրիչներով։

4․ Ադրբեջանի Հանրապետության հետ  սահմանագծման ու սահմանազատման աշխատանքները պետք է իրականացվեն հումանիտար խնդիրների լուծման ( հայ ռազմագերիների, այլ պահվող անձանց վերադարձ) և ՀՀ ինքնիշխան տարածքից  ադրբեջանական զորքերի դուրս բերման նախապայմանով։

5․ Ադրբեջանի հետ սահմանագծման ու սահմանազատման արդյունքում բացառվում է ՀՀ տարածքային ամբողջականության խաթարումը։

6․ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ-ն բացառում է որևէ  համաձայնություն, որը հարցականի տակ կդնի հայ ժողովրդի հայրենազրկման և ցեղասպանության իրողությունը, ինչպես նաև հայության հոգևոր- մշակութային ժառանգության կրողը լինելու իրավունքը։

7․ Հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումները միմյանց հետ շաղկապված չեն։ Ադրբեջանի և Թուրքիայի հետ կոմունիկացիաների ապաշրջափակումը չի կարող տեղի ունենալ միջանցքային տրամաբանությամբ»։

  • Կիսվել: