ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հավանաբար Գագիկ Ջհանգիրյանը կամ մանիպուլացնում է իրականությունը, կամ իրեն սխալ են զեկուցել․ Արծվիկ Մինասյան

Հավանաբար Գագիկ Ջհանգիրյանը կամ մանիպուլացնում է իրականությունը, կամ իրեն սխալ են զեկուցել․ Արծվիկ Մինասյան

Հավանաբար ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը տեղյակ չէ, կամ իրեն սխալ են զեկուցել, որ հենց առաջին պահից բողոքաբերները զգացել են դատավոր Կարեն Բիշարյանի կանխակալ մոտեցումն այս գործով և ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել, որը մերժվել է։ Այս մասին ԲԴԽ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով 44-օրյա պատերազմում զոհվածների հարազատների հետ Գագիկ Ջհանգիրյանի հանդիպմանը:

«Երկրորդ միջնորդությունը վերաբերում էր տուժողներին,որ նահատակված զինծառայողների ծնողները, գերեվարված անձանց հարազատները այդ գործում որպես երրորդ անձ ներգրավվեն։ Հենց  այդ միջնորդության քննարկման ժամանակ միջադեպ տեղի ունեցավ, նիստին ներկա զոհված զինծառայողների հարազատները դժգոհություն հայտնեցին։ Դատավորը գնաց խորհրդակցական սենյակ, վերադարձավ ու հրապարակեց որոշում, որ նիստերն անցկացվում են փակ։

Երբ փակ նիստում դատավորը հրապարակեց դատական այդօրվա նիստը հետաձգելու ու մայիսի 30-ին նշանակելու մասին, ես և փաստաբան պարոն Մարտիրոսյանը միջնորդություն ներկայացրեցինք վերանայել դռնփակ անցկացնելու մասին որոշումը, փոխել այն։

Այնպես որ, պարոն Ջհանագիրյանը հավանաբար կամ մանիպուլացնում է իրականությունը, կամ սխալ տեղեկատվություն են իրեն տվել, կամ չգիտեմ էլ ինչ ենթադրություն անեմ։

Այնուամենայնիվ, երկուշաբթի նորից միջնորդություն կներկայացնենք, քանի որ անհնար է  պատկերացնել այս դատավարությունն առանց  տուժողների իրավահաջորդների մասնակցության, առանց լրատվամիջոցների ուղղակի ներգրավման այս գործընթացում»,- հայտարարեց Արծվիկ Մինասյանը։

 

  • Կիսվել: