երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հաստատվեց մարդու իրավունքների պաշտպանության ազգաին ռազմավարությունը եւ 2020-2022թթ. գործողությունների ծրագիրը

Հաստատվեց մարդու իրավունքների պաշտպանության ազգաին ռազմավարությունը եւ 2020-2022թթ. գործողությունների ծրագիրը

Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 26-ի նիստում հաստատեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը եւ դրանից բխող 2020-2022թթ. Գործողությունների ծրագիրը:

Հարցը ներկայացրեց Արդարադատության փոխնախարար Քրիստիննե Գրիգորյանը, որը նշեց, որ ռազմավարությունը տալիս է մարդու իրավունքների ստեղծված իրավիճակի, նաեւ նախորդ գործողությունների ծրագրերի գնահատականը, մատնանշում է այս ռամզավարության սկզբունքներն ու նշում հաջորդ երեք տարիների առաջնահերությությունները:

Նրա խոսքով, այս ռազմավարության եւ դրանից բխող 2020-2022թթ. գործողությունների ծրագրի նպատակներն են Մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանությունը եւ երաշխավորումը, ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված՝ մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքները եւ ազատությունների պաշտպանությանն ու երաշխավորմանն ուղղված պետական հետեւողական քաղաքականության իրականացումը, ՀՀ միջազգային պայմանագրերով երաշխավորված քաղաքացիական եւ քաղաքական, տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների պաշտպանության կառուցակարգերի բարելավումը` Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխան:

Նպատակներից են նաեւ մարդու իրավունքների եւ դրանց պաշտպանության միջոցների մասին հանրային իրազեկության բարձրացումը` պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, ինչպես նաեւ հասարակության եւ քաղաքացիների կողմից սեփական իրավունքների պաշտպանության խրախուսումը, մարդու իրավունքների եւ դրանց պաշտպանության միջոցների վերաբերյալ գիտելիքների տարածումը՝ կրթական ծրագրերի իրականացման միջոցով։

Վերոնշյալ նպատակներին հասնելու նպատակով, առկա իրավիճակի համար նախանշվում եւ առանձնացվում են հետեւյալ ռազմավարական գերակայությունները.

1․ Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների պաշտպանություն,

2․ Սոցիալ տնտեսական իրավունքների պաշտպանություն,

3․ Հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովում։

Հարկ է նշել, որ Ռազմավարության նպատակների եւ խնդիրների իրագործման համար պլանավորվում են կոնկրետ եւ չափելի արդյունք ունեցող միջոցառումներ, որոնց մի մասն արդեն իսկ արտացոլվել է համապատասխան 2020-2022թթ. Գործողությունների ծրագրի նախագծում: Ծրագրի նախագծով նախատեսված միջոցառումներն իրականացվում են համապատասխան պատասխանատու եւ համակատարող մարմինների փոխլրացված, համաձայնեցված գործունեության միջոցով:

Ռազմավարության եւ Գործողության ծրագրերի իրականացման արդյունավետությունն ապահովվելու է մշտադիտարկման արդյունավետ համակարգի ներդրմամբ: Գործողությունների ծրագրերի կատարումը համակարգելու եւ մշտադիտարկում իրականացնելու նպատակով ստեղծվելու է Համակարգող խորհուրդ:

Սույն ռազմավարությամբ ամրագրված նպատակներին հասնելու համար մշակելվելու է ռազմավարության եւ գործողությունների ծրագրերի հաղորդակցության պլան:

Վերը նշված նպատակների իրագործման համար ներդրվելու եւ գործարկվելու է էլեկտրոնային հարթակ, ինչը հնարավորություն կընձեռի ապահովել ռազմավարությանը ու գործողությունների ծրագրերին առնչվող բոլոր գործընթացների թափանցիկությունը ու հաշվետվողականությունը

Ռազմավարական փաստաթղթերի ընդունման արդյունքում կստեղծվի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի մեկ ամբողջական` համապարփակ քաղաքական փաստաղթուղթ, որը համակարգված ձեւով`

ա) կարտացոլի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կառավարության կողմից իրականացվող հիմնական քաղաքականությունը,

բ) կտա թիրախային լուծումներ մարդու իրավունքների պաշտպանության տարբեր բնագավառներում առկա խնդիրներին` քաղաքականության շարունակականություն ապահովելու նպատակով,

գ) կստեղծի լրացուցիչ երաշխիքներ քաղաքացիների եւ հատկապես՝ խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության համար,

դ) կբարելավի գործողությունների կատարման համակարգման, մշտադիտարկման եւ գնահատման ինստիտուցիոնալ համակարգը, կապահովի գործընթացի ներառականությունը եւ հանրային հաշվետվողականությունը:

Փոխնախարարը իր խոսքում նաեւ նշեց, որ ախտորոշվել են լրատվամիջոցների իրական սեփականատերերի բացահայտման մեխանիզմների ներդրումը, ինչը ներառված է ռազմավարության մեջ. «Սա միտված է լրատվամիջոցների նրանց մրցակցայնության ապահովմանը, գործունեության թափանցիկությանը եւ հավաստի տեղեկատվության իրավունքին:

Մյուս կարեւոր հարցը այս իրավունքի տեսանկյունից ատելության խոսքի դեմ կիրառվող միջոցներն են այդ թվում պատասխանատվության մեխանիզմների ուսումնասիրությունն ու կիրառումը: Նաեւ ձեռնպահ չենք մնացել նաեւ օնլայն տիրույթում նման երեւույթների դեմ»,-ասաց նա:

ՀՀ վարչապետն իր խոսքում նշեց, որ այս փաստաթուղթն ունի կարեւոր ենթատեքստ. «Հայաստանում մարդու իրավունքները պետք է պաշտպանված լինեն: Շրջանակի հարցում ոչ մի նորություն չկա, բայց խնդիրն այն է եղել, որ երբ որ ՀՀ-ում եղել է կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողով, դրանում սովորաբար ընդգրկված են եղել կոռուպցիայի մեջ ամենամեծ հաջողություններ կամ ներուժ ունեցող մարդիկ: Երբ մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարություն է ընդունվել, դա օգտագործվել է որպես ծխածածկույթ մարդու իրավունքները ոտնահարելու համար»,-ասաց Փաշինյանը:

  • Կիսվել: