Թուրքիան 32 լեռնագնաց է ուղարկել Իրան, իսկ Իրաքը՝ 4 փրկարարական խումբ
Թուրքիան Իրանի արտգործնախարարության խնդրանքով 32 լեռնագնաց փրկարարների խումբ է ուղարկել Իսլամական Հանրապետություն՝ օգնելու որոնել Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռը, որը «կոշտ վայրէջք» է կատարել երկրի հյուսիս-արևմուտքում։ Այս մասին հայտնում է Թուրքիայի կառավարության Արտակարգ իրավիճակների վարչությունը։
«Իրանը արտաքին գործերի նախարարության միջոցով մեր երկրից խնդրել է որոնողափրկարարական ուղղաթիռ՝ հագեցած գիշերային տեսողության համակարգով։ 32 լեռնագնացներից բաղկացած որոնողափրկարարական թիմը պատրաստ է շարժվել», – ասվում է գերատեսչության հայտարարության մեջ:
Իրան է ուղարկվել նաև 6 միավոր հատուկ տեխնիկա՝ Իրանի նախագահի ուղղաթիռի որոնողական աշխատանքներում ընդգրկվելու նպատակով:
Իր հերթին, Թուրքիայի պաշտպանության նախարարությունը ԱԹՍ և գիշերային տեսանելիության սարքերով հագեցած ուղղաթիռ է տրամադրել որոնողափրկարարական աշխատանքների համար:
Նշվում է նաև, որ Իրաքն էլ 4 փրկարարական խումբ է ուղարկում Իրան։