հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հարկային ստուգումների համալիր ծրագրում ընդգրկված է 725 հարկ վճարող

Հարկային ստուգումների համալիր ծրագրում ընդգրկված է 725 հարկ վճարող

725 հարկ վճարողի մոտ Պետական եկամուտների կոմիտեն, 2022 թ. հուլիսի 1-ից մինչև 2023 թ. հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում, կիրականացնի համալիր հարկային ստուգումներ: 

Տնտեսվարողները ստուգումների տարեկան ծրագրում ընդգրկվում են բացառապես ռիսկերի գնահատման ինքնաշխատ համակարգի միջոցով՝ տնտեսվարողի ներկայացրած հաշվարկ-հաշվետվությունների և դրանցում արտացոլված ցուցանիշների հիման վրա: Այս տարվա ստուգումների ծրագրում նույնպես գերակշռում են բարձր ռիսկայնության խմբում ներառված սուբյեկտները` շուրջ 98.5%: Համալիր հարկային ստուգումները նույն հարկ վճարողի մոտ, կախված ռիսկայնության աստիճանից, կարող են իրականացվել հետևյալ հաճախականությամբ. բարձր ռիսկայնության դեպքում` ոչ ավելի հաճախ, քան հարկային տարվա ընթացքում մեկ անգամ: Միջին ռիսկայնության դեպքում` ոչ ավելի հաճախ, քան երեք հաջորդական հարկային տարիների ընթացքում մեկ անգամ: Ցածր ռիսկայնության դեպքում` ոչ ավելի հաճախ, քան հինգ հաջորդական հարկային տարիների ընթացքում մեկ անգամ:

Հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման և հսկողության վարչության մասնագետներն ընդգծում են, որ ստուգումների տարեկան ծրագրի կազմման գործընթացում նախապատվությունը տրվում է առավել մեծ ռիսկի միավոր ստացած և, հետևաբար, բարձր ռիսկային համարված, ինչպես նաև իրացման համեմատաբար մեծ շրջանառություն հայտարարագրած հարկ վճարողներին: Ծրագրում ընդգրկված հարկ վճարողների 2021 թվականի իրացման շրջանառությունը կազմում է գնահատված բոլոր հարկ վճարողների հայտարարագրած իրացման շրջանառության շուրջ 53%-ը։ 

2022-2023 թվականների ստուգումների տարեկան ծրագրում ընդգրկված տնտեսվարող սուբյեկտները հիմանականում գործում են մանրամեծածախ առևտրի (43% կամ 313 սուբյեկտ), մշակող արդյունաբերության (14.6% կամ 106 սուբյեկտ), շինարարության (7.9% կամ 57 սուբյեկտ), ֆինանսական և ապահովագրական գործունեության (5.4% կամ 39 սուբյեկտ) ոլորտներում: Ընդ որում՝ ծրագրում ընդգրկվածների ավելի քան 95%-ն ընդհանուր հարկման ռեժիմում գործունեություն իրականացնող տնտեսվարողներ են, այսինքն՝ ավելացված արժեքի հարկով հարկվող սուբյեկտները։

Համալիր հարկային ստուգումների տարեկան ծրագիրը տեղադրված է ՊԵԿ պաշտոնական կայքում:

  • Կիսվել: