երեքշաբթի, ապրիլ 8
8 / 4 / 2025
Հարկավոր է երաշխավորել, որ նրանք, ովքեր ցանկանում են վերադառնալ Ղարաբաղ, նման հնարավորություն ունենան. Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար

Հարկավոր է երաշխավորել, որ նրանք, ովքեր ցանկանում են վերադառնալ Ղարաբաղ, նման հնարավորություն ունենան. Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար

ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում անդրադարձ է արվել Հարավային Կովկասում մարդու իրավունքների վիճակին:

Մասնավորապես՝ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ՛Ֆլայհերթին ողջունել է այն փաստը, որ Հայաստանն ընդունել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերին: Նա վստահեցրել է, որ կօգտագործի իր մանդատն ու ամբողջ գործիքակազմը՝ պաշտպանելու մարդկանց իրավունքներն ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հարավային Կովկասում:

Հանձնակատարը նշել է. «Պետք է լրջորեն հոգ տանենք տարածաշրջանում մարդու իրավունքների մասին: Նաև հարկավոր է երաշխավորել, որ նրանք, ովքեր ցանկանում են վերադառնալ Ղարաբաղ, նման հնարավորություն ունենան: Սա վճռորոշ կլինի երկարաժամկետ հեռանկարում»:

Իր հերթին ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանը բարձրացրել է Ադրբեջանում պահվող հայ գերիների մասին հարցը. «Էթնիկ հայերի նկատմամբ ամոթալի դատավարություն է իրականացվում, նրանք պետք է անհապաղ ազատ արձակվեն: Տարբեր իրավապաշտպան կազմակերպություններ և միջազգային հեղինակավոր կառույցներ պարբերաբար մտահոգություն են հայտնում նրանց նկատմամբ խոշտանգումների և դաժան վերաբերմունքի հետ կապված»:

Նա նաև հիշեցրել է, որ Ադրբեջանն անգամ հայտարարել է Կարմիր խաչի գործունեությունը երկրում դադարեցնելու մտադրության մասին:

 

  • Կիսվել: