շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ինչպես այդ մարդիկ տարիներ շարունակ ձեր մանդատը գողացել են՝ որպես իշխանություն, հիմա էլ գողանում են՝ որպես ընդդիմություն.Կոնջորյան

Ինչպես այդ մարդիկ տարիներ շարունակ ձեր մանդատը գողացել են՝ որպես իշխանություն, հիմա էլ գողանում են՝ որպես ընդդիմություն.Կոնջորյան

ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը լքեց Ազգային ժողովի նիստերի դահլիճը՝ Վճռաբեկ դատարանի 3 դատավորների, ինչպես նաև Կենտրոնական բանկի խորհրդի նախագահի և նախագահի տեղակալի ընտրության քննարկումից առաջ։

«Նկատի ունենալով, որ օրակարգի հաջորդ հարցերը վերաբերում են պաշտոնների նշանակմանը, իսկ դրանք մեկ քաղաքական ուժի կողմից կատարվող նշանակումներ են, «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու քվեարկությանը»,–ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն իր ելույթում անդրադարձավ ընդդիմադիրների վարքագծին.«Ես ուզում եմ մեկնաբանել մեր ընդդիմադիրների բոյկոտը: Ընդդիմադիր խմբակցության քարտուղարը հայտարարեց, որ սա մեկ քաղաքական ուժի կողմից պաշտոնի նշանակում է կամ ընտրություն է, դրա համար իրենք կլքեն դահլիճը: Ես կարծում եմ, որ տարրական դպրոցի տրամաբանությունը նույնիսկ հուշում է, որ եթե դուք ցանկանում եք, որ մեկ քաղաքական ուժի ընտրությամբ չլինի, ապա կարող եք մնալ և դա կլինի երկու քաղաքական ուժի կողմից ընտրություն: Ես ամեն անգամ զարմանում եմ մեր ընդդիմության տրամաբանության միջև փոխհարաբերությունների շարունակական ճգնաժամով, որովհետև սա հերթական անտրամաբանական որոշումն էր»:

Կոնջորյանը դիմեց այն քաղաքացիներին, որոնք իրենց ձայնը տվել են ընդդիմությանը. «Ես ուզում եմ մեր քաղաքացիների համար հիշատակել, որ 2 հարյուր հազարից ավել քաղաքացիները, որոնք իրենց ձայնը տվել են ընդդիմությանը և որոնք պետք է ներկայացնեն այդ մանդատով այդ քաղաքացիներին այստեղ նաև պաշտոնների ընտրության ժամանակ, ահա այդ քաղաքացիները ներկայացված չեն ԱԺ-ում կարևորագույն պաշտոնների ընտրությունների և որևէ կերպ չեն մասնակցում: Հարգելի՛ քաղաքացիներ, այդ մարդիկ գողացել են ձեր մանդատը, դուք իրենց պատճառով չեք մասնակցել Հանրապետության նախագահի ընտրությանը, ՀՀ գլխավոր դատախազի ընտրությանը, ՄԻՊ-ի ընտրությանը, մի շարք դատավորների ընտրությանը և այսօր ևս չեն մասնակցում: Հերթական անգամ այս ամբիոնից ցանկանում եմ ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, երբ ամեն անգամ մեր խորհրդարանական ընդդիմությունը գալիս և մեզ մեղադրում է տարբեր մեղքերի մեջ, հարգելի՛ քաղաքացիներ, ես ուզում եմ հիշեցնել ձեզ, որ ինչպես այդ մարդիկ տարիներ շարունակ ձեր մանդատը գողացել են՝ որպես իշխանություն, հիմա էլ գողանում են՝ որպես ընդդիմություն»:

  • Կիսվել: