շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Հարևանները պետք է խաղաղ ապրեն. Իրանի դեսպանը՝ ՀՀ-ի՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման մասին

Հարևանները պետք է խաղաղ ապրեն. Իրանի դեսպանը՝ ՀՀ-ի՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման մասին

ՀՀ իշխանությունները հավաստիացրել են իրանական կողմին, որ այլ երկրների, այդ թվում՝ եվրոպական երկրների հետ համագործակցության զարգացումը տեղի չի ունենում ի վնաս Երևանի և Թեհրանի հարաբերությունների։ Թեհրանում վստահում են հայ բարեկամներին: Այս մասին Հանրային ՀԸ-ի եթերում հայտարարել է Հայաստանում  Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին:

՛՛Մենք Հայաստանի հետ հարաբերվելիս անկախ քաղաքականություն ենք որդեգրել։ Այս քաղաքականությունը, որ կիրառում ենք, ոչ մի երկրի դեմ չէ, սա երկու երկրների շահերին ու ժողովուրդներին է ծառայում՛՛,-ասել է նա:

Դեսպանն անդրադարձել է նաև հարևան երկրների հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորմանը:

՛՛Մենք ողջունում ենք ՀՀ արտաքին հարաբերությունների նորմալացումը Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Դուք հարևաններ եք, և հարևանները պետք է խաղաղ ապրեն։ Իսկ ինչ վերաբերում է ապաշրջափակմանը, ապա ձեզ հայտնի է մեր դիրքորոշումը․ մենք դեմ չենք ապաշրջափակմանը, սակայն դա պետք է տեղի ունենա ազգային և տարածքային ամբողջականության պահպանման շրջանակում, և տարածաշրջանի երկրները պետք է օգտվեն դրանից՛՛,-ասել է նա:

Սոբհանին նշել է, որ Հայաստանի իշխանությունները պատերազմի օրերին դատապարտել են անօրինական ագրեսիան․ ՛՛Մենք շնորհակալություն ենք հայտնում և բարձր ենք գնահատում ՀՀ կառավարության այս վճռական որոշման համար, ինչպես նաև շնորհակալություն ենք հայտնում հայերին և բարձր ենք գնահատում նրանց ցուցաբերած համերաշխությունն ու աջակցությունը՝ Իրանի համար այս զգայուն շրջանում։ Դրանով ցույց տվեցին որ ՀՀ կառավարությունը և ժողովուրդը՝ և’ ուրախության, և’ տխրության օրերին Իրանի կառավարության և ժողովրդի կողքին են՛՛։

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: