շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Հարց է առաջանում՝  արդյոք Ադրբեջանի ղեկավարությունը որևէ կերպ հետաքրքրվա՞ծ է Հարավային Կովկասում խաղաղության կառուցմամբ. Կոստանյան (տեսանյութ)

Հարց է առաջանում՝ արդյոք Ադրբեջանի ղեկավարությունը որևէ կերպ հետաքրքրվա՞ծ է Հարավային Կովկասում խաղաղության կառուցմամբ. Կոստանյան (տեսանյութ)

Ադրբեջանը շարունակում է չկատարել ինչպես նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները, այնպես էլ միջագային դատարանի կողմից իրավաբանորեն պարտադիր ուժ կրող որոշումը, ըստ որի՝ Լաչինի միջանցքով պետք է ապահովեր անխոչընդոտ անցումը. սա բացահայտ արհամարհանք է: Այս մասին Հանրային ՀԸ-ի եթերում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը:

Նա ընդգծեց, որ միջազգային հանրությունը՝ այդ թվում ՄԱԿ-ի ԱԽ անդամները, պետք է հստակ գնահատական տան:

՛՛Եթե մի քիչ ավելի լայն նայենք իրադարձություններին, տեսնում ենք, որ վերջին օրերի ընթացքում Ադրբեջանը փորձում է ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում, ինչը մեծ հարցեր է առաջացնում, թե արդյոք ընդհանրապես Ադրբեջանի ղեկավարությունը որեւէ կերպ հետաքրքրվա՞ծ է Հարավային Կովկասում խաղաղության կառուցմամբ՛՛,-ասաց նա:

Հարցին, թե ինչու ՀՀ սահմանների ուղղությամբ կրակոցների կապակցությամբ հայտարարություն չեն տարածել Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը, Կոստանյանը նշեց, որ դժվար է ասել, թե ինչու չկա արձագանք: Նա հիշեցրեց, որ ՀԱՊԿ-ը մինչ օրս քաղաքական գնահատական չի տվել 2022 թվականի սեպտեմբերյան ադրբեջանական ագրեսիային, սակայն իրենք աշխատանք են տանում այդ ուղղությամբ:

Կոստանյանը խոսեց այն մասին, որ ռուսական կողմը հայտարարում է, որ ԵՄ դիտորդների՝ Հայաստանում տեղակայվելուց հետո խաղաղություն չկա: Այս առնչությամբ նա ասաց, որ ԵՄ դիտորդների տեղակայումը որոշակիորեն նպաստել է Հարավային Կովկասում կայունությանը:

Կոստանյանն անդրադարձավ նաեւ Թուրքիայի նախագահի այն հայտարարությանը, թե միայն Իրանն է դեմ ՛՛Զանգեզուրի միջանցքի՛՛ բացմանը:

Նա, մասնավորապես նշեց որ հայկական կողմի համար այդպիսի միջանցք գոյություն չունի, կա Հայկական խաչմերուկ հասկացություն, որը կկապի հյուսիս-հարավ եւ արեւելք-արեւմուտք ճանապարհները, միակ սահմանափակումը ՀՀ կողմից այն է, որ ապաշրջափակումը պետք է տեղի ունենա կողմերի իրավազորության եւ ինիշխանության շրջանակներում:

Կոստանյանը նաեւ ընդգծեց, որ ճանապարհը պետք է վերահսկի հայկական կողմը:

 

  • Կիսվել: