շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հարավային Կովկասում կարգավորմանը խոչընդոտում է այլ երկրների ներկայությունը. ՌԴ-ում Իրանի դեսպան

Հարավային Կովկասում կարգավորմանը խոչընդոտում է այլ երկրների ներկայությունը. ՌԴ-ում Իրանի դեսպան

Արևմուտքի ներկայությունն Անդրկովկասում ոչ մի օգուտ չի բերի այդ տարածաշրջանի երկրներին։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։

«Իրանը սերտ կապեր ունի Անդրկովկասյան տարածաշրջանի իր հարևանների հետ։ Եվ մենք մեր հարևաններին միշտ ասել ենք՝ արտատարածաշրջանային ուժերի ներկայությունը մեր շահերից չի բխում։

Տարածաշրջանային խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանի երկրների կողմից։

Համոզված ենք՝ արտատարածաշրջանային ուժերը չեն կարող օգուտ բերել մեր երկրներին»,- ասել է Իրանի դեսպանը։

«Այս տարածաշրջանի վեց երկրները՝ Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը, Ադրբեջանը, Հայաստանը և Վրաստանը, այս տարածաշրջանի լավագույն փորձագետներն են, այլ ոչ թե որոշ այլ երկրներ»,- ասել է դիվանագետը:

Իրանի դեսպանի խոսքով, տարածաշրջանում խնդիրների լուծման ամենաօգտակար ձևաչափը «3+3» հարթակի շրջանակում հանդիպումն է. նա հույս է հայտնել, որ այս տարի կրկին կկայանա նոր հանդիպում։

«3+3» ձևաչափով Հարավային Կովկասի հարցերի քննարկմանը մասնակցում են Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան։

  • Կիսվել: