ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչը կարևորել է ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունները

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչը կարևորել է ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունները

Այսօր Նախիջևանում Ադրբեջանի նախագահի լիազոր ներկայացուցիչ Ֆուադ Նաջաֆլին հանդիպել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի գլխավորած պատվիրակության հետ։

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Նաջաֆլին նշել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռք բերված արդյունքները կարեւոր հեռանկարներ են բացում տարածաշրջանի ապագայի համար:

Իր հերթին Մագդալենա Գրոնոն բարձր է գնահատել Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև խաղաղության օրակարգի առաջմղման հարցերի շուրջ անցկացված բանակցությունների արդյունքները: 

Նա ընդգծել է Նախիջևանի ռազմավարական նշանակությունը, որը կարող է կապող օղակ դառնալ Եվրոպայի և Ասիայի միջև, և կարևորել է լոգիստիկ-տրանսպորտային լայնածավալ նախագծերի իրականացումը:

Հաղորդվում է նաև, որ կողմերը մտքեր են փոխանակել Եվրոպական Միության կողմից տարածաշրջանային կապերին աջակցության և տրանսպորտային միջանցքի զարգացման հեռանկարների շուրջ:

  • Կիսվել: