երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ՀԱՊԿ-ը չի գործում, չի էլ կարող գործել, այդ անվտանգային համակարգում մենք չենք լինելու, իսկ 102-րդ ռազմաբազան կհանենք այն ժամանակ, երբ պետք լինի. Արմեն Խաչատրյան

ՀԱՊԿ-ը չի գործում, չի էլ կարող գործել, այդ անվտանգային համակարգում մենք չենք լինելու, իսկ 102-րդ ռազմաբազան կհանենք այն ժամանակ, երբ պետք լինի. Արմեն Խաչատրյան

Հայաստանը երբեք այսքան բարձր սուբյեկտայնություն չի ունեցել, ինչքան հիմա: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարություններին:

Պատգամավորը վստահ է, որ Հայաստանի հետ հաշվի են նստում և՛ Արևմուտքը, և՛ ԱՄՆ-ն։

«Այն ժամանակ, այո՛, Մարիա Զախարովայի երկրում էին որոշում, թե Հայաստանն ու՛ր գնա և այլն»,- նշեց նա և հավելեց, որ այժմ Հայաստանն իր անվտանգային համակարգը սարքում է բազմաշերտ։

«Ամեն ինչ անելու ենք, որ անվտանգային համակարգը բավարարի այսօրվա պահանջներին, դա հիմա ում է դուր գալիս, ում դուր չի գալիս՝ էական չէ, մենք գնալու ենք մեր ճանապարհով»,-հավաստիացրեց պատգամաբվորը:

Նրա կարծիքով՝ Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի տարածքը, քանի որ չի գործել ՀՀ անվտանգային համակարգը։

«Մենք այլևս անհիմն հավատալու իրավունք չունենք, բոլոր ուղղություններով դիմելու ենք գործնական քայլերի»,-հավելեց Խաչատրյանը՝ ընդգծելով, որ ռուսական 102-րդ ռազմաբազան որևէ դերակատարում չի ունեցել, երբ Հայաստանում սպառնալիքներ կային ու այսօր էլ կան։

Հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ չեք հանում ռազմաբազան ՀՀ-ից, պատգամավորն արձագանքեց. «Սադրում եք, որ լավ վերնագիր դնեք. կհանենք այն ժամանակ, երբ պետք լինի»։

Արմեն Խաչատրյանը նշեց՝ ՀԱՊԿ-ը Հայաստանի համար եղել է անվտանգային համակարգ, բայց չի գործում։

«Ես հետևյալն եմ պատկերացնում՝ եթե ՀԱՊԿ-ը մեզ համար անվտանգային համակարգ է եղել, բայց այդ համակարգը չի գործում, ու մենք տեսնում ենք, որ չի էլ կարող գործել, միանշանակ, այդ անվտանգային համակարգում մենք չենք լինելու, բացառվում է»,- ասաց նա։

Պատգամավորն ընդգծեց՝ եթե մի անվտանգային համակարգ ասում է, որ կասկած ունի ՀՀ սահմանների նկատմամբ, Հայստանն այդ անվտանգային համակարգում անելու բան չունի։

  • Կիսվել: