ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՀԱՊԿ անդամ երկրների պատվիրակները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ հարցերի շուրջ (լուսանկարներ)

ՀԱՊԿ անդամ երկրների պատվիրակները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ հարցերի շուրջ (լուսանկարներ)

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը:

Շնորհակալություն հայտնելով հայկական կողմին հյուրընկալության համար՝ ՀԱՊԿ ԽՎ և ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը ողջույնի խոսքում շնորհավորել է նիստի մասնակիցներին Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 30-ամյակի և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության 20-ամյակի կապակցությամբ: 

Նրա գնահատմամբ՝ անդամ երկրների ղեկավարների որոշումը թույլ է տվել եվրասիական տարածաշրջանում ձևավորել միջպետական փոխգործակցության համակարգ, ինչը հնարավորություն է տալիս կազմակերպության անդամ երկրներին դիմագրավել մարտահրավերներին ու վտանգներին:

Վյաչեսլավ Վոլոդինը նշել է, որ խորհրդարանական վեհաժողողովն իր ներդրումն ունի անվտանգության և պետությունների ինքնիշխանության ապահովման հարցում և հավելել, որ գլխավոր նպատակ է ազգային օրենսդրության մերձեցումը և ներդաշնակեցումը:

ՀԱՊԿ ԽՎ նախագահն անդրադարձել է անդամ պետությունների խաղաղապահ առաքելության իրականացման կարևորությանը և այդ ներուժի շարունակական զարգացմանը, ընտրական գործընթացների անցկացմանը, խորհրդարանական գործակցության ընդլայնմանը, միջազգային հարթակներում համաձայնեցված աշխատանքին և այլ հարցերի:

Այնուհետև ՀԱՊԿ անդամ երկրների պատվիրակները քննարկել են հարցերի լայն շրջանակ, անդրադարձել համագործակցության ուղենիշները նախանշող մի շարք փաստաթղթերի: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ հարցերի շուրջ:

Օրակարգային հարցերի շրջանակում անդրադարձ է եղել Հայաստանի Հանրապետության գործունեությանը մարտահրավերներին և անվտանգության սպառնալիքներին դիմակայելու ուղղությամբ` նախագահության գերակայությունների իրականացման համատեքստում: 

Նիստի ընթացքում անդամ երկրների պատվիրակները քննարկել են ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի սեպտեմբերյան (2021 թ.) նստաշրջանի որոշումների կատարման ընթացքին ու կազմակերպության հաշվետու ժամանակահատվածի գործունեությանը, ՀԱՊԿ անդամ պետությունների խաղաղապահ գործունեության իրավական ապահովման կատարելագործմանը, անդամ պետությունների ընտրական գործընթացներին առնչվող և մի շարք այլ հարցեր:

Օրակարգում են եղել նաև 2021-2025 թվականների ռազմավարությանը, ԽՎ-ի գործունեության ֆինանսավորմանը, ընտրություններին միջազգային դիտորդական առաքելությամբ մասնակցելուն առնչվող թեմաները:

Անդրադարձ է եղել կազմակերպչական բնույթի որոշ հարցերի:

ՀԱՊԿ ԽՎ խորհրդի և 15-րդ լիագումար նիստերը կկայանան աշնանը Ռուսաստանի Դաշնությունում:

  • Կիսվել: