կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
«Հանուն Հանրապետության» կուսակցությունը կառավարությունից պահանջում է դիմել ՄԱԿ Անվտանգության խորհրդին

«Հանուն Հանրապետության» կուսակցությունը կառավարությունից պահանջում է դիմել ՄԱԿ Անվտանգության խորհրդին

«Հանուն Հանրապետության» կուսակցությունը կառավարությունից պահանջում է դիմել ՄԱԿ Անվտանգության խորհրդին։ Երեկ ուշ երեկոյան կուսակցությունը հայտարարություն է տարածել , որում ասվում է․

«Այսօր հայտնի դարձավ, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում Ադրբեջանի զինված կազմավորումների կողմից արձակված կրակահերթերից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանը: Փաստորեն, մայիսի 12-ից Հայաստանի սահմանամերձ գոտում Ադրբեջանի կոռումպացված բռնապետության կողմից սանձազերծված ագրեսիան եւ ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքի բռնազավթումը, քողարկված իբր քարտեզի սեփական վարկածի առկայությամբ, թեւակոխել է մի նոր, առավել վտանգավոր փուլ, որը հղի է տարածաշրջանային անվտանգության, կայունության եւ խաղաղության խաթարմամբ։ Մենք խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի ռազմա-քաղաքական ղեկավարության սադրիչ եւ անպատասխանատու քաղաքականությունը եւ այն գնահատում ենք որպես միջազգային նորմերի եւ իրավունքի կոպտագույն խախտում, փորձ՝ խափանելու Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ ընդունված 2020թ նոյեմբերի 9-ի եւ հունվարի 11-ի հայտարարությունների կարեւորագույն դրույթների իրագործման գործընթացը, վիժեցնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորմանն ուղղված՝ Հայաստանի Հանրապետության, ԵԱՀԿ Միսնկի Խմբի եռանախագահության եւ միջազգային հանրության բոլոր փորձերը, օրինականացնելու սեփական շահերը ռազմական ճանապարհով առաջ մղելու գործելակերպը։

Միեւնույն ժամանակ արձնագրում ենք, որ Ալիեւի բռնապետությունն այդ աստիճան լկտի պահվածքով հանդես չէր գա, եթե փաստացի չխրախուսվեր Հայաստանի անդամակցած ռազմական դաշինք ՀԱՊԿ-ի եւ անդամ-պետությունների, առաջին հերթին՝ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության ղեկավարության՝ առնվազն կրավորական եւ անտարբեր կեցվածքով։ Վերջին օրերի դեպքերի ընթացքը, որը ցավալի օրինաչափությամբ հանգեցրեց այսօրվա միջադեպին՝ կասկածի տակ է դնում ՀԱՊԿ-ի գործունակությունը եւ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների գործող շրջանակների նպատակահարմարությունը։

Ելնելով վերը նշվածից, Հանուն Հանրապետության Կուսակցությունը պահանջում է Հայաստանի ռազմա-քաղաքական ղեկավարությունից, համաձայն ՄԱԿ-ի Կանոնադրության, պաշտոնապես դիմել ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածք ներխուժման, սանձազերծած ռազմական ագրեսիայի փաստով, պահանջելով բանաձեւով պատժամիջոցներ կիրառել ընդդեմ Ադրբեջանի՝ զորքերի դուրսբերումը ՀՀ տարածքից խելամիտ ժամկետներում չավարտելու եւ անպատասխանատու քաղաքականությունը չվերանայելու պարագայում։

Բացի դրանից, մեր համոզմամբ, երկրի անվտանգության շահերը ուղղակիորեն պահանջում են, որպեսզի պաշտոնական Երեւանն արձագանքի մեր գործընկեր եւ բարեկամ պետությունների բարձրագույն ղեկավարության ռազմա-քաղաքական աջակցման առաջարկներին եւ հանդիպակաց քայլեր ձեռնարկի, դրանով դուրս բերելով երկիրը քաղաքական առումով փակուղային վիճակից, բազմապատկելով միջազգային ճնշումն Ալիեւի բռնապետության վրա, որը վերածվել է տարածաշրջանային անվտանգության գլխավոր սպառնալիքի։

Պատրաստ ենք մեր ողջ ներուժը ներդնել ստեղծված վտանգավոր ճգնաժամը շուտափույթ կերպով հանգուցալուծելու ուղղությամբ եւ մեր նպաստը բերել՝ մեր երկրի տարածք ներխուժած հակառակորդին դուրս շպրտելու համազգային գործին»։

  • Կիսվել: