հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հանրային կառավարման բարեփոխումների շրջանակում Արայիկ Հարությունյանը հանդիպել է միջազգային գործընկերների հետ

Հանրային կառավարման բարեփոխումների շրջանակում Արայիկ Հարությունյանը հանդիպել է միջազգային գործընկերների հետ

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպել և միջազգային գործընկերներին է ներկայացրել Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության իր համակարգման ներքո գտնվող ռազմավարական հաղորդակցության և մասնակցային կառավարման ուղղությունները։

Մասնավորապես, հանդիպմանը մասնակցել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը, ԱՄՆ ՄԶԳ տնօրեն Ջոն Ալեյոն, ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Նիլս Սքոթը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, Շվեյցարիայի համագործակցության գրասենյակի տեղակալ Վերներ Թութը, Զարգացման ֆրանսիական գործակալության հայաստանյան ծրագրի պատասխանատու Լիզ Էնեզյանը  և միջազգային այլ գործընկերներ:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը նշել է, որ գործադիրի նպատակն է նոր ազդակ հաղորդել հանրային կառավարման բարեփոխումներին, որոնք իրականացվում են նաև միջազգային գործընկերների հետ արդյունավետ համագործակցությամբ: Արայիկ Հարությունյանը նշել է, որ վերհանվել են ռազմավարական հաղորդակցության և մասնակցային կառավարման ոլորտներում առկա բացթողումները, խնդիրները. առաջիկա քայլերն ուղղված են լինելու դրանց լուծումների հստակեցմանը: Վարչապետի աշխատակազմի ղեկավարն առանձնակի կարևորել է պետական կառավարման համակարգի տեղեկատվական միասնական քաղաքականության մշակումն ու իրականացվող բարեփոխումների հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացումը:

ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը և միջազգային մյուս գործընկերներն իրենց աջակցությունն են հայտնել Հանրային կառավարման բարեփոխումների, այդ թվում՝ ռազմավարական հաղորդակցության և մասնակցային կառավարման բարեփոխումների արդյունավետ իրականացմանը: Տիկին Վիկտորինն ընդգծել է, որ Եվրոպական միությունը շարունակելու է սերտ փոխգործակցությունը ՀՀ կառավարության հետ՝ ի նպաստ պետական կառավարման արդյունավետության, հանրային հաղորդակցության մակարդակի բարձրացման և վերը նշված ուղղություններով առկա խնդիրների լուծման:

  • Կիսվել: