երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Հանգուցյալը շուռ կգար դագաղում․ «Հրապարակ»

Հանգուցյալը շուռ կգար դագաղում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավորները երեկ, արտահերթ նիստի օրակարգը մի կողմ թողած, քննարկում էին ՔՊ-ական Վիգեն Խաչատրյանի հոգեհանգստի, թաղման՝ գնալ-չգնալու, ոտքի կանգնելու հարցերը։ Հանգուցյալը շուռ կգար դագաղում, եթե լսեր խորհրդարանականների ճղճիմ քննարկումները։ Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ընդդիմադիրները, ակնհայտորեն կազմակերպված, ուշ մտան դահլիճ, որպեսզի հանգուցյալին հարգանքի տուրք չմատուցեն՝ ոտքի չկանգնեն։ Խաչատրյանի մահվան պահից նրանց գործողությունները մի քանի ֆեյսբուքյան ակտիվիստներ են թելադրում, որոնք «քֆուր են դրել», թե որ ընդդիմադիրը կմասնակցի իշխանական պատգամավորի հոգեհանգստին, եւ հայտարարել են, որ «փչացնելու» են մինչեւ վերջ։

Իշխանականներն էլ, իրար հերթ չտալով, ամոթանք էին տալիս գործընկերներին՝ նիստից հատուկ ուշանալու, մահացածի հանդեպ տարրական հարգանք չցուցաբերելու համար։

«Վախո՞ւմ էիք մասնակցել»,- հարցրեց մի ՔՊ-ական, Արծվիկ Մինասյանը հիշեցրեց, որ այս ավանդույթի հիմնադիրն նրանք են, որ չեն մասնակցել Գեներալ Մանվելի, Արմեն Գրիգորյանի, Վիգեն Ստեփանյանի եւ այլոց սգո արարողություններին։ Ի վերջո, կրքերը թեժացան, եւ սկսվեց ավանդական «փոխհրաձգությունը»․ Ալեն Սիմոնյանը, Սեյրան Օհանյանին դիմելով, ասաց, թե հենց նրա ընկեր գեներալներն են տանուլ տվել պատերազմը, Օհանյանն ԱԺ նախագահին սրիկա անվանեց։

Հայկ Կոնջորյանը որոշեց պաշտպանել Սիմոնյանին, ում դեմ աշխատել է վերջին մեկ տարին, եւ Օհանյանին ասաց՝ դուք եք սրիկա։ Ակնհայտ է, որ ընդդիմությունը Վիգեն Խաչատրյանի մահվան փաստն օգտագործում է որպես ազդակ՝ ՔՊ-ականներին հասկացնելու, թե ինչ է սպասվում իրենցից յուրաքանչյուրից, եւ թե այնքան են խորացրել թշնամանքը, որ անգամ նրանց մահը կարեկցանք չի առաջացնում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: