ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հանդիպել են Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարները

Հանդիպել են Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարները

Սեպտեմբերի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ:

Ինչպես տեղեկացնում են ԱԳ նախաարությունից, զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ օրակարգի լայն շրջանակի՝ գոհունակություն հայտնելով սերտ կապերի վրա հիմնված հայ-հնդկական ավանդական ջերմ հարաբերությունների բարձր մակարդակի առնչությամբ: Երկուստեք պատրաստակամություն է հայտնվել համագործակցությունը որակապես նոր մակարդակի բարձրացնել։ Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել բովանդակային քննարկումներ սկսել տարբեր ոլորտներում կոնկրետ ծրագրերի շուրջ համագործակցության մասին:

Այս համատեքստում ընդգծվել է բարձր մակարդակի փոխայցելությունների ակտիվացման կարևորությունը: Նախարարներ Միրզոյանն ու Ջայշանկարը գոհունակությամբ ընդգծել են միջազգային կառույցների շրջանակներում Հայաստանի և Հնդկաստանի միջև ձևավորված փոխաջակցությունը: Զրուցակիցները քննարկել են նաև «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի շուրջ ընթացիկ զարգացումները:

Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի: Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ ինքնիշխան տարածք ներթափանցելու արդյունքում ստեղծված իրավիճակը: Այդ համատեքստում նախարարը բարձր է գնահատել Հնդկաստանի սկզբունքային դիրքորոշումը, ինչպես նաև շարունակական աջակցությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:

Նախարար Միրզոյանը վերահաստատել է Ջամմուի ու Քաշմիրի հարցում Հնդկաստանին սատարելու Հայաստանի դիրքորոշումը։ Կողմերը քննարկել են նաև իրավիճակն Աֆղանստանում: Հայաստանի ու Հնդկաստանի ԱԳ նախարարների հանդիպումը տեղի է ունեցել Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում, որտեղ Արարատ Միրզոյանը գտնվում է ՀԱՊԿ կառույցների աշխատանքներին մասնակցելու նպատակով։

  • Կիսվել: