կիրակի, օգոստոս 2
2 / 8 / 2026
Հանդիպել եմ ԵՄ դիտորդների մեծ մասին և ուշադիր հետևում եմ նրանց գործունեությանը․ Մարագոս

Հանդիպել եմ ԵՄ դիտորդների մեծ մասին և ուշադիր հետևում եմ նրանց գործունեությանը․ Մարագոս

Հայաստանում ԵՄ առաքելությանը հանձնարարված է դիտարկել և զեկուցել հայ-ադրբեջանական պետական սահմանի հայկական կողմում տիրող իրավիճակի վերաբերյալ` նպաստելով հակամարտությունից տուժած տարածքներում մարդկանց անվտանգությանը, և դրա հիման վրա նպատակ ունենալով նպաստել Հայաստանի և Ադրբեջանի բնակչության, հնարավորության դեպքում՝ նաև իշխանությունների միջև վստահության ձևավորմանը:  Այս մասին «Արմենպրես»-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:

«ԵՄ բոլոր քաղաքացիական առաքելություններն իրենց դիտարկումների վերաբերյալ զեկույցները ներկայացնում են  ԵՄ-ին և ԵՄ անդամ պետություններին: Առաքելության տեղակայումից ի վեր տեղաշարժ է եղել՝ տեղում իրավիճակի կայունացմանն ուղղված, ուստի առաքելությունը հստակորեն կատարում է իր մանդատով ստանձնած պարտավորությունները։

Ինչ վերաբերում է առաքելության ընդլայնմանը, ապա ինչպես վերջերս նշել էր  ԵՄ բարձր ներկայացուցիչ Բորելը՝ մենք աշխատում ենք ավելի շատ դիտորդներ ու պարեկային շրջայցեր  տեղակայելու ուղղությամբ: Ավելացնեմ, որ 2023 թվականի սեպտեմբերին՝ իմ ժամանելուց ի վեր, հանդիպել եմ դիտորդների մեծ մասին և ուշադիր հետևում եմ նրանց գործունեությանը։

Տպավորված եմ նրանց արհեստավարժությամբ և նվիրվածությամբ։ Տպավորված եմ նաև հայ բնակչության ջերմ ընդունելությամբ, ինչը շատ բարձր է գնահատվում Եվրամիության կողմից ու նպաստում է առաքելության աշխատանքին»,-ասել է նա:

  • Կիսվել: