շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Համոզվեցի, որ ժողովուրդն անգամ ամենածանր իրավիճակում տեսնում է՝ ով է պատրաստ պատասխանատվություն ստանձնել, ով՝ ոչ․ Ռուբեն Վարդանյանի հարցազրույց է RTVI-ին

Համոզվեցի, որ ժողովուրդն անգամ ամենածանր իրավիճակում տեսնում է՝ ով է պատրաստ պատասխանատվություն ստանձնել, ով՝ ոչ․ Ռուբեն Վարդանյանի հարցազրույց է RTVI-ին

Հասարակական-քաղաքական գործիչ, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել RTVI-ին, որը թարգմանաբար ներկայացվում է ստորև.

RTVI - Պարոն Վարդանյան, որո՞նք էին Ձեր պաշտոնանկության պատճառները:

- Հարցն ավելի շատ նախագահ Արայիկ Հարությունյանին է հասցեագրված, քան ինձ:

RTVI - Ի՞նչ են իրենցից ներկայացնում այն ընդհանուր կարմիր գծերը, որոնց մասին խոսում էիք նախագահի հետ:

- Նախագահը հայտարարեց, որ Արցախի անկախության ու ինքնուրույնության խաթարմանը վերաբերող ամեն ինչ անընդունելի է իր և ողջ ժողովրդի համար: Այս իմաստով մեզ մոտ կարմիր գծերը համընկնում են: Եվ սա կարևոր է այն առումով, որ վերջին ամիսներին ավելի հստակ ու պարզ դարձավ, որ կան բաներ, որոնք իսկապես անընդունելի են ողջ արցախահայության, ոչ թե միայն Ռուբեն Վարդանյանի համար:

RTVI - Հնարավոր համարո՞ւմ եք վերադարձը քաղաքական գործունեության, թե՞ դա արդեն անցած էտապ է: 

- Երբ պետությունը շրջափակման մեջ է, երբ չկա լույս, գազ, տարրական դեղորայք և այլ բաներ, դա արդեն քաղաքականության մասին չէ, դա արդեն հայրենիքը փրկելու մասին է: Ու սրանք վերամբարձ խոսքեր չեն, պարզապես ամեն օր քո գործով փորձում ես օգնել մարդկանց՝ երեխաների, տարեցների: Այդ առումով ես իմ պաշտոնը ոչ մի կերպ որպես քաղաքական չեմ ընկալել:

Ես իմ աշխատանքն ընկալել եմ որպես զինվորի և քաղաքացու պարտք, որն օգնում է իր հայրենիքին: Ուստի ես չունեմ զգացողություն, որ մտել էի քաղաքականություն: 

Ես համաձայնեցի գնալ այնտեղ, որտեղ պետք էր, որտեղ ծանր էր, ու փորձեցի օգնել ինչով կարողացա: Ուստի ես մի փոքր այլ ընկալում ունեմ վերջին 112 օրվա իմ փորձառության մասով: Ես այն համարում եմ ոչ թե քաղաքական, այլ հասարակական գործունեություն, որպես մարդ, որն իր վրա պատասխանատվություն է վերցրել և որոշումներ է կայացրել չափազանց ծանր իրավիճակում: 

Ես մեծ պատասխանատվություն էի վերցրել: Ես դրանից չեմ վախենում և պատրաստ եմ հետագայում էլ պատասխանատվություն վերցնել, դա այդպես է: Եվ համոզվեցի, որ ժողովուրդն անգամ ամենածանր իրավիճակում էլ տեսնում է, թե ով է պատրաստ պատասխանատվություն ստանձնել, ով է պատրաստ դրան ճիշտ մոտենալ, իսկ ով պատրաստ չէ: Կարծում եմ՝ իմ գործունեության լավագույն գնահատականը ժողովրդի վերաբերմունքն է իմ նկատմամբ:

Հիշեցնենք, որ 2023թ․ փետրվարի 23-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանգրով Վարդանյանն ազատվել է պետական նախարարի պաշտոնից։ Արցախի արդեն նախկին գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանն ընդունել է Արցախի պետնախարար նշանակվելու Հարությունյանի առաջարկը։

Հավելենք նաև, որ Մյունխենում 2023թ․ փետրվարի 18-ին կայացած պանելային քննարկմանը Ալիևն ասել էր, թե «պատրաստ են բանակցել Ղարաբաղի հայերի հետ, միայն այն դեպքում, երբ ՌԴ քաղաքացի, քրեական հեղինակություն ու կոռումպացված Վարդանյանը (Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը, - խմբ․) լքի Ղարաբաղը»։

Շարունակությունը՝ hetq.am-ում

  • Կիսվել: