շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Համբարձում Մաթևոսյանի գլխին սև ամպեր են կուտակվել.  «Ժողովուրդ»

Համբարձում Մաթևոսյանի գլխին սև ամպեր են կուտակվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հերթական համագումարի ժամանակ, երբ ՔՊ-ականները քվեարկությամբ վարչության անդամներ են ընտրել, կուսակցության ներսում ներքին հրահանգ է եղել անել հնարավորը, որ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը վարչության կազմում չընդգրկվի, եւ հակառակը՝ ամեն ինչ անել, որ ՔՊ վարչության անդամությունում իր պատվավոր տեղը Համբարձում Մաթեւոսյանն ունենա:

«ՔՊ-ական «լիդերների» հրահանգները տեղ հասել են, բայց, փաստորեն, խայտառակ ձեւով կազմակերպված, վատ հաշվարկված ընտրության վերահաշվարկից հետո պարզ է դարձել՝ Մաթեւոսյանին վարչության անդամություն ընգրկողները վատ են աշխատել: Այս պատմությունն իրականում մեծ աղմուկ է առաջացրել, ավելին՝ կուսակցության ներսում «մենամարտեր» են սկսվել: Չի բացառվում, որ առաջիկայում ՔՊ-ականներն այս թեմայի վերաբերյալ Փաշինյանի հետ քննարկում ունենան, ինչ-որ մարդկանցից հաշիվ պահանջեն»,- «Ժողովուրդ» օրաթերթին ասաց ՔՊ-ամերձ մեր աղբյուրը:

Նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթն առաջինն էր գրել, որ ՔՊ-ի՝ խայտառակ կերպով ձեւավորված վարչության կազմում փոփոխություններ են տեղի ունեցել, ու վերահաշվարկից հետո Մաթեւոսյանն ու Կոնջորյանը վարչության անդամությունից դուրս են մնացել: Տեղեկությունն արդեն երեկ հենց իրենք՝ ՔՊ-ականները հաստատեցին: Մեր զրուցակիցը նշեց նաեւ, որ Մաթեւոսյանի գլխին իրականում սեւ ամպեր են կուտակված, ու կառավարությունը մտադիր է հրաժեշտ տալ նրան: Չի բացառվում՝ Փաշինյանն առաջիկայում նրան հրաժարական տալու դիմում գրել տա:

Տեղեկության մասով, իհարկե, մենք փորձեցինք նաեւ պարոն փոխվարչապետի տեսակետը լսել, բայց նրա աշխատակազմից որեւէ մեկի հեռախոսահամարը մեր բազմաթիվ զանգերին այդպես էլ չարձագանքեց: Հետաքրքիր է, թե Մաթեւոսյանի աշխատակազմն ինչով է զբաղված, երբ տարրական հեռախոսազանգերին անգամ չի պատասխանում:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

  • Կիսվել: