Համարում եմ, որ պրոցեսը դրական է. Ալեն Սիմոնյանը՝ խաղաղության պայմանագրի մասին
Խաղաղության պայմանագրի մեջ Սահմանադրության վերաբերյալ կետ չկա, և նման քննարկում գոյություն չունի: Մնացած երկու կետերի վերաբերյալ, որը Բայրամովն ասել է, քննարկումները կշարունակվեն: Այս մասին այսօր՝ հունվարի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով խաղաղության պայմանագրի շուրջ առաջընթացի վերաբերյալ հարցին:
Լրագրողները նրան հարց ուղղեցին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարության վերաբերյալ, որը դարձյալ խոսել էր ՀՀ Սահմանադրության փոփոխության և միջազգային դատարաններում Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարման մասին:
«Կարծում եմ՝ պետք է արձանագրենք, որ շատ դրական է այն փաստը, որ հակառակ կողմը նույնպես նշում է, որ մնացել է երկու կետ, որը պետք է քննարկվի: Դուք հիշում եք՝ մենք ինչից էինք սկսում՝ նոյեմբերի 9-ից հետո ակնկալվում էր նոր պատերազմ, նոր իրադարձություններ, և մենք կարողացանք ինչ-որ ձևով կառավարել, գալ-հասնել այն բանին, որ ունենք համաձայնեցված մեկ տասնյակից ավելի կետեր»,- հայտարարեց ԱԺ նախագահը՝ դա «շատ մեծ հաղթանակ» որակելով երկու կողմերի համար:
Նրա խոսքով՝ ունենք երկու պետությունների միջև կնքված առաջին իրավական փաստաթուղթը, որը պատմության մեջ աննախադեպ բան է, ունենք դելիմիտացված ու դեմարկացված սահման, ունենք համաձայնեցում, տրամաբանություն այդ սահմանի գործընթացը շարունակելու:
«Սրանք բաներ ենք, որոնց հետ հաշվի չնստել ուղղակի անհնար է: Այո՛, ես համարում եմ, որ պրոցեսը դրական է, ողջունում եմ այն հայտարարությունը, որ ունենք ևս երկու կետ, որոնց վերաբերյալ պետք է քննարկումներ ունենանք»,- նշեց նա:
Լրագրողի հարցին, հնարավոր համարու՞մ է «Խաղաղության պայմանագրում» գերիների վերադարձի վերաբերյալ կետի ներառումը, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Նման կետի ներառումը այս պահի դրությամբ չեմ տեսնում, որովհետև դա առանձին հարց է, որով անընդհատ զբաղվում ենք։ Մենք 150–ից ավել գերիներ ունենք, հիմա ունենք հաստատված 23 գերի, որոնցից 11–ը Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարությունն է։ Ի դեպ, մեր որոշ գործընկերների կոչ եմ անում զերծ մնալ սխալ ձևակերպումներից և այդ մարդկանց չասել քաղբանտարկյալ։ Ասել քաղբանտարկյալ, նշանակում է չհասկանալ այդ բառի իմաստն ու այդ մարդկանց համարել այդ երկրի քաղաքացի, որոնց հետապնդում են»։