ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Համապատասխան օղակներով դիմել ենք նաեւ Ադրբեջանին, պատասխան չունենք․ Վարդան Սարգսյան

Համապատասխան օղակներով դիմել ենք նաեւ Ադրբեջանին, պատասխան չունենք․ Վարդան Սարգսյան

Հայաստանից Արցախ ուղարկվող 400 տոննա հումանիտար օգնությամբ 19 բեռնատար 20 ժամ է՝ սպասում է Կոռնիձորի հատվածում, դեռ որեւէ տեղաշարժ չկա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԼՂ հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը:

«Գործընթացը պահանջում է որոշակի ըմբռնում, համբերատար մոտեցում և քայլերի որոշակի հաջորդականություն: Եվ այս պահին մենք որևէ արձագանք դեռ չենք ստացել, սպասում ենք արձագանքի»,- ասաց նա՝ միաժամանակ տեղեկացնելով, որ սահմանված կարգով դիմել են և՛ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերին, և՛ ադրբեջանական կողմին՝ համապատասխան օղակներով:

Լրագրողի ճշտող հարցին՝ այսինքն՝ քար լռությո՞ւն է, Վարդան Սարգսյանն պատասխանեց. «Կարող ենք նաև այդպես ասել, թերևս»:

Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 26-ին, առաջին անհրաժեշտության սննդամթերքով ու ապրանքներով 19 բեռնատար մեքենաները ուղևորվել են Կոռնիձոր, որտեղից նախատեսվում է ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ 400 տոննա հումանիտար օգնությունը փոխանցել արցախահայությանը։ Մարդասիրական օգնությունը շրջափակված Արցախ է ուղարկվում պետական ծրագրի շրջանակում։

Բեռնատարներում կա շաքարավազ՝ 60 տոննա, ձեթ՝ 40 տոննա, ալյուր՝ 100 տոննա, մակարոնեղեն՝ 80 տոննա, աղ՝ 20 տոննա, կաթի փոշի՝ 40 տոննա, մանկական սնունդ՝ 12 տոննա և 9 տոննա դեղորայք: Ընդհանուր առմամբ 19 բեռնատարներում 1-2 օրվա սպառման սնունդ է:

Ըստ ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանի՝ կապ է հաստատվել ՌԴ խաղաղապահ ուժերի հետ՝ բեռը տեղ հասցնելու հետ կապված:

Իր հերթին Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հաղորդագրություն է տարածել՝ նշելով. «Ստացված տեղեկությունների համաձայն՝ հուլիսի 26-ին Հայաստանի կողմից Լաչինի պետական սահմանի անցակետի մուտքի մոտ կազմակերպելով տարբեր մեքենաների կուտակումներ՝ հերթական սադրիչ գործողությունն է ծրագրվում»:

  • Կիսվել: