ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Համախմբվելով հանուն կանաչ ապագայի․ Համաժողով

Համախմբվելով հանուն կանաչ ապագայի․ Համաժողով

«Կանաչ» ֆինանսավորման և կայուն տնտեսական մոտեցումների առավելություններն ու մարտահրավերները, միտումներն ու կարգավորումները Հայաստանում և արտերկրում. սրանք էին այն հիմնական թեմաները, որոնք քննարկվեցին դեկտեմբերի 10-ին Երևանում Բրիտանական դեսպանատան և «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի կողմից կազմակերպված համաժողովի ընթացքում։

Համաժողովը մեկնարկեց ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի, Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերի և HSBC Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Իրինա Սեյլանյանի ողջույնի խոսքերով։

Դեսպան Գալագերը նշեց․ «Անցած ամիս Միացյալ Թագավորությունում՝ Գլազգոյում, տեղի ունեցավ ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովը (COP26), որի հիմնական նպատակներից էր ֆինանսական միջոցներ ներգրավել կլիմայի փոփոխության դեմ պայքարի իրականացման համար, խթանել հանրային և մասնավոր ֆինանսների հոսքը դեպի զարգացող շուկաներ, որտեղ դրանց անհրաժեշտությունն ամենից շատ է նկատվում, ինչպես նաև օգնել կառուցել կանաչ տնտեսություններ՝ ստեղծելով աշխատատեղեր և ապահովելով բարեկեցություն։ Հայաստանում կանաչ ներդրումների իրականացման բազմաթիվ հնարավորություններ կան, որոնք կարող են իրագործվել մինչև 2030 թվականը։ Հուսով եմ, որ այս համաժողովը ցույց կտա, թե ինչպես ֆինանսների ներհոսքը կարող է նպաստել Հայաստանում կլիմայի փոփոխության դեմ պայքարի, ոլորտում ներդրումների իրականացման, ինչպես նաև դեպի ածխածնի զուտ զրոյական արտանետումների տնտեսությանն անցնելու հարցում»։

Անչափ ուրախ էինք միջոցառման ընթացքում ողջունել նաև ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին, Միացյալ Թագավորության կառավարության՝ Կլիմայի փոփոխության համաժողովի հարցերով տարածաշրջանային դեսպան Դեյվիդ Մորանին, այլ բարձրաստիճան խոսնակների Հայաստանի և Միացյալ Թագավորության կառավարություններից, ինչպես նաև HSBC-ի, TheCityUK-ի և այլ առաջատար բիզնես կազմակերպությունների փորձագետների։ Նրանք իրենց տեսակետներն ու փորձը փոխանակեցին աշխարհում ածխածնի զրոյական արտանետումների տնտեսության վերաբերյալ և քննարկեցին դրանց իրականացման հնարավոր ուղիները Հայաստանում։

  • Կիսվել: