Համաձայնեցված տեքստում չկա դրույթ, որ երկու երկրի տարածքները լքած մարդիկ պետք է վերադառնան. Միրզոյան
Համաձայնեցված տեքստում չկա որևէ դրույթ այն մասին, որ մինչև Խորհրդային Միության փլուզումը երկու երկրների տարածքներում բնակված և հետո այդ տարածքները լքած մարդիկ պետք է վերադառնան իրենց տները կամ այն տարածքները, որտեղ իրենց նախնիներն ապրել են: Այդ մասին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ նշելով, որ խաղաղության պայմանագրի տեքստի աշխատանքներն ավարտելու մասին երեկվա հայտարարություններից հետո հանրության շրջանում եղել են մտահոգություններ ու շահարկումներ:
Միրզոյանն անդրադարձավ նաև ՀՀ Սահմանադրության փոփոխության մասին ադրբեջանական կողմի մեկնաբանություններին:
«Այս մասին, իհարկե, բնականաբար, համաձայնագրի համաձայնեցված տեքստում կրկին ոչինչ չկա: Ընդհանրապես համաձայնագրի տեքստում որևէ միակողմանի կարգավորում չկա: Չկա նաև սահմանադրությունների մասին կարգավորում:
Հայտնի է, որ մենք էլ ունենք մեր մտահոգություններն Ադրբեջանի Սահմանադրության մասին: Հայտնի է, որ մենք էլ տեսնում ենք որոշակի նկրտումներ ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ, բայց նաև հայտնի է, որ կարծում ենք՝ համաձայնագրի տեքստում ունենք որոշակի դրույթներ, որոնք փարատում են [այս մտահոգությունները]»,- ասաց Միրզոյանը:
Ըստ արտգործնախարարի՝ եթե նույնիսկ տեսականորեն երկու երկրի սահմանադրությունում լինեն նման պահանջներ, ապա նաև համաձայնագրի տեքստի ստորագրմամբ և վավերացմամբ այդ հարցերը կարող են փակված համարել:
Նախարարը նաև հիշեցրեց, որ վերոնշյալ վավերացումը ևս պետք է անցնի ՍԴ-ով: