երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Հակոբ Արշակյանը Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարին ներկայացրել է տարածաշրջանային զարգացումները, առկա մարտահրավերները

Հակոբ Արշակյանը Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարին ներկայացրել է տարածաշրջանային զարգացումները, առկա մարտահրավերները

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Միջխորհրդարանական միությունում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հակոբ Արշակյանը հունվարի 29-ին ընդունել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են պատվիրակության անդամներ Հասմիկ Հակոբյանը եւ Ծովինար Վարդանյանը:

Հակոբ Արշակյանը հյուրերին ներկայացրել է տարածաշրջանային զարգացումները, առկա մարտահրավերները: ԱԺ փոխնախագահն անդրադարձել է տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձություններին, 2023 թվականի սեպտեմբերի 19-ի Ադրբեջանի լայնածավալ հարձակման հետեւանքներին: Անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին՝ ԱԺ փոխխոսնակը մանրամասնել է հայկական կողմի համար ընդունելի առանցքային սկզբունքները:

Քննարկվել են Ադրբեջանում գտնվող գերիների եւ պահվող այլ անձանց փոխանակման գործընթացին, ԼՂ-ում գտնվող հայկական պատմամշակութային արժեքների պահպանությանը վերաբերող հարցեր: Հակոբ Արշակյանը կարեւորել է բոլոր գերիներին ու պահվող անձանց ազատ արձակելու անհրաժեշտությունը:

Բարձր գնահատելով միջազգային գործընկերների ջանքերը Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ երկխոսությանը նպաստելու հարցում՝ Հակոբ Արշակյանն այդ առումով արժեւորել է նաեւ Մարտին Չունգոնգի գործունեությունը:

Քննարկվել են Միջխորհրդարանական միության երիտասարդ պատգամավորների 10-րդ համաժողովի անցկացմանն առնչվող հարցեր: Հակոբ Արշակյանն առաջարկել է միջոցառումն անցկացնել սեպտեմբեր ամսին` Երեւանում:

Ծովինար Վարդանյանն ընդգծել է, որ չնայած մարտահրավերներին՝ հայկական կողմը պատրաստ է առաջ մղել խաղաղության օրակարգն ու աշխատել այդ ուղղությամբ: Այս համատեքստում նա կարեւորել է կողմերի միջեւ երկխոսությունը:

Հասմիկ Հակոբյանը հույս է հայտնել, որ Ժնեւում կընդունվի Երիտասարդ պատգամավորների 10-րդ համաժողովի թեմայի ընտրությանը վերաբերող իր առաջարկը: Հայ պատվիրակն առաջարկել է քննարկել խաղաղության գործընթացում երիտասարդների դերը՝ հաշվի առնելով աշխարհում տիրող իրավիճակը:

Մարտին Չունգոնգն Ադրբեջանի հետ հարաբերությունների հարցում բարձր է գնահատել արդյունավետ երկխոսություն ծավալելու Հայաստանի պատրաստակամությունը: Նա նշել է, որ Բաքու այցի ժամանակ իրենք ջանքեր կգործադրեն խաղաղության գործընթացին նպաստելու համար: Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության խնդրին, գերիների փոխանակման գործընթացին:

  • Կիսվել: